15 09 2018

Մակրոնը պետք է մտահոգություն հայտնի ՀՀ դատական իշխանության անկախության վերաբերյալ. New Europe

Մակրոնը պետք է մտահոգություն հայտնի ՀՀ դատական իշխանության անկախության վերաբերյալ. New Europe

Մայքլ Բյուրելը New Europe պարբերականում գրում է․ «Երբեմն դժվար է ապացուցել, որ պետության առաջնորդները հրահանգում են կալանավորել կամ հետապնդում իրականացնել, բայց Հայաստանի դեպքում ունենք ապացույց՝ երկու բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցների ձայնագրությունների սենսացիոն արտահոսքի տեսքով:

ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ հայտնվել է ներքին փոթորկի կենտրոնում այն բանից հետո, երբ YouTube-ում հրապարակվել է մի ձայնագրություն, որում լսվում է, թե ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում նրա հանձնարարությունները՝ ապահովելու համար քաղաքական հակառակորդների կալանավորումը:

Զրույցներից մեկում լսվում է՝ ինչպես է Հայաստանի ԱԱԾ տնօրենն ասում՝ վարչապետն իրեն ասել է «փակել» նախկին պաշտպանության նախարարի տեղակալին: Մյուս կողմից ԱԱԾ տնօրենը կարծես նշում է, որ ինքն ազդել է դատավորի վրա. «Դատավորը զանգել էր ինձ: Նա մի փոքր վախեցած էր: Ես նրան ասացի՝ դուխով. ուզես չուզես, կալանավորելու ես»:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ձայնագրություններն ապացուցում են՝ «դատավորը ճնշման տակ է եղել և ընդունել է ապօրինի որոշում»: Նա նշել է, որ հայկական իշխանությունները «քաղաքական վենդետա» են իրականացնում դատարանների միջոցով, և վարչապետի մեղադրել է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը «անձամբ համակարգելու» մեջ:

Վերլուծաբանի կարծիքով՝ սա իրադարձությունների ցնցող շրջադարձ է: Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, մեծ հույսեր կային, որ նա կլինի նոր տեսակի առաջնորդ, ով երկիրը կդնի ավելի հուսալի ճանապարհի վրա, և որ նա կլինի այնպիսի առաջնորդ, ում հետ Արևմուտքը կկարողանա գործ ունենալ։

Հոդվածագիրը գրում է՝ Փաշինյանն այս շաբաթ կհանդիպի մեկ այլ եվրոպական առաջնորդի հետ, ում ընտրությունը նույնպես հույսեր էր արթնացրել իր պետության ավելի լավ ապագայի նկատմամբ: Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետի հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ նախքան այս շաբաթվա ֆուրորը, բայց այն ժամանակավոր հնարավորություն է ապահովում նախագահի համար, ով իրեն դիրքավորել է որպես արևմտյան արժեքների պաշտպան, հարցնելու Փաշինյանին՝ ինչպես են այդ արժեքները ներկայում պաշտպանվում Հայաստանում:

Մակրոնը պետք է օգտագործի ձայնագրությունների արտահոսքը՝ մտահոգություն հայտնելու համար Հայաստանի դատական իշխանության անկախության հարցով և հարցնելու վարչապետի դերակատարության մասին՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ հետապնդումների հարցում: Ֆրանսիայի նախագահը կարող է հիշեցնել Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է և, հետևաբար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդարադատության առարկա: Պետք է հույս ունենալ, որ Հայաստանի վարչապետը կհասկանա՝ Արևմուտքից ստացված աջակցությունը երաշխավորված չէ, այլ կախված է իր և իր կառավարության վարքից:

Վերլուծաբանը նշում է, որ դա նշանակում է՝ եթե նա ցանկանում է պահպանել այդ աջակցությունը, այսուհետ Քոչարյանի նման գործերը պետք է վարվեն եվրոպական արժեքներին համապատասխան։ Բյուրելը հույս է հայտնում, որ դա կազդի այնպիսի մասշտաբի առաջնորդի վրա, ինչպիսին է նախագահ Մակրոնը, վարչապետ Փաշինյանի հետ նստելու և դիտողություններ անելու համար:

Անկասկած, մեծաթիվ հայկական սփյուռք ունեցող երկրի նախագահը շատ դիվանագիտորեն որևէ բան հրապարակավ չի ասի, բայց չի հապաղի դա անել մասնավոր քննարկումներում: Հոդվածի հեղինակը եզրափակում է՝ Մակրոնի արդյունավետ միջամտությունը Հայաստանի բարդ ժամանակակից պատմության համար կարևոր շրջադարձային այս պահին կարող է բավարար լինել՝ համոզելու Նիկոլ Փաշինյանին, որ այլ ուղի ընտրելու ժամանակն է՝ Արևմուտքի աջակցությունը վերադարձնելու և իր երկրի համար ավելի պայծառ ապագա ապահովելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ