Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սեպտեմբերի 13-ին կայացած նիստում սահմանել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Հիմք ընդունելով 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Մարիամ Վռամի Հովսեփյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հասմիկ Հրանտի Իգիթյանի և «Հայք» (Հայկազուններ) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հենրիկ Հոկտեմբերիկի Բադանյանի ինքնաբացարկի դիմումները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել ավագանու անդամների թեկնածությունները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին` ժամը 19.00-ից, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 9.00-ից, «ԷՅ-ԷՄ-ՓԻ-ՋԻ ԳՐՈՒՊ» տպագրատանը (հասցե` ք. Երևան, Բագրևանդի 82) մեկնարկելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշների տպագրման գործընթացը: Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում հետևել Ինքնասոսնձվող դրոշմանիշների և քվեաթերթիկների տպագրման գործընթացին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը