12 09 2018

Ես չէի ցանկանա, որ իմ երկրի վարչապետն այդ տոնով խոսեր իր ժողովրդի հետ. Վահրամ Բաղդասարյան

Ես չէի ցանկանա, որ իմ երկրի վարչապետն այդ տոնով խոսեր իր ժողովրդի հետ. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի համար ընդունելի չէ «օլիգարխ» սահմանումը։ Այս մասին սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:  Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ նա ասաց, որ ցանկացած անօրինականություն կատարած անձ պետք է պատժվի։ «Օլիգարխ սահմանումը ես լավ չեմ ընկալում, համաձայն չեմ այս սահմանման հետ, բայց, եթե որևէ մեկն օրենքի սահմաններից դուրս ինչ-որ մի բան կատարում է, ապա դրա համար պետք է պատասխանատվություն կրի»,- ասաց նա։ 

Բաղդասարյանը նաև շեշտեց, թե իր համար ընդունելի չէր վարչապետի երեկվա ելույթի բառապաշարը․ «Ես չէի ցանկանա, որ իմ երկրի վարչապետը նման տոնով և նման ոճով խոսեր իր ժողովրդի հետ»,- մանրամասնեց Բաղդասարյանը։ 

Խոսելով վարչապետ Փաշինյանի ելույթի այն հատվածի մասին, որով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին ժամանակ տրվեց, որպեսզի գումարները բյուջե վերադարձնեն, նշեց․ «Հայտարարություններով կամ նման ձևերով ինչ-որ գումարներ կամ ընդհանրապես որևէ գումար չեն առգրավում, դրա համար կան համապատասխան մարմիններ, կա դատարան:

Եթե կան նման երևույթներ, դատական կարգով այդ երևույթներն ի հայտ կգան»։  Ինչ վերաբերում է հարցին, թե ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսելն ում էր շահեկան, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե հարցը բավականին բարդ է։ 

«Համենայն դեպս, մեզ համար դա շահեկան տարբերակ չէ, ես պետք է ասեմ, որ պետք չէ հանիրավի անուններ շոշափել առանց հիմքեր ունենալու։ Քննությունը կպարզի ու պատասխաններ կտանք, քանի որ հնչեղություն ունեցող հարցի շուրջ նախապես ենթադրություններ անել չեմ կարող»,- շարունակեց պատգամավորը։ 

Վերջինս, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով ՀՔԾ պետի երեկ արված բացահայտմանը, ըստ որի, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զորքը սահմանից բերել է Երևան, իսկ վարչապետն էլ ավելացրեց ելույթով, թե, հավանաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են, որ Ադրբեջանն այդ օրերին չհարձակվի, շեշտեց.

«Պարզապես անթույլատրելի են նման հայտարարությունները: Եթե մենք խոսում ենք նախաքննության գաղտնիքի կամ մյուս բաների մասին, պետք չէ հրապարակային ինչ-որ բաներ հայտարարել, որոնց հիմնավորումները չկան:  Ընդհանուր առմամբ, շատ տհաճ երևույթ է, որ նման ձևերով մենք հանրությանը տրամադրում ենք իրար դեմ՝ մեկը մյուսի դեմ հանելով: Դուք նկատի ունեցեք, որ բարեկամությունը, ընկերությունը դադարեցնելը մի քանի վայրկյանի հարց է, իսկ թշնամությունը դադարեցնելը տասնյակ տարիների հարց է: Մենք պետք է գնանք սիրո և համերաշխության ճանապարհով»,- ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ