Սեպտեմբերի 8-ին Կրեմլում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կրեմլում «լուրջ խոսակցություն» են ակնկալում: Մոսկվան բազում հարցեր ունի ուղղելու 2018-ի մայիսին ՀՀ կառավարությունը գլխավորած քաղաքական գործչին, գրում է «Կոմերսանտը»:
Ըստ պարբերականի` զրուցակցի , Պուտինը մտադիր է բարձրացնել ՀՀ նախկին ղեկավարների հետապնդման թեման:
Մարտի 1-ի գործով մեղադրյալներից մեկը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Նույն գործով է անցնում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Երկուսին էլ մեղադրում են իշխանությունը յուրացնելու մեջ:
Ըստ պարբերականի, Կրեմլին դա դուր չի գալիս մի քանի պատճառով: «Ռոբերտ Քոչարյանն այն սակավաթիվ մարդկանցից է, ում Վլադիմիր Պուտինն իր ընկերն է համարում: Նրանց թվում են նաև Սիլվիո Բեռլուսկոնին և Գերհարդ Շրյոդերը »,-պարզաբանել է իրազեկ աղբյուրը:
Պուտինի հատուկ վերաբերմունքը պարոն Քոչարյանի հանդեպ աներկբա դրսևորվեց օրերս, երբ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը զանգահարել էր Ռոբերտ Քոչարյանին անձամբ նրան ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելու:
Նշվում է, որ Մոսկվայում կարծում են, որ Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումը լուրջ իմիջային վնաս է հասցրել ՀԱՊԿ-ին և անդրադարձել կազմակերպության աշխատանքի վրա: Առանձնակի դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները գործընկերներից ոչ մեկին չեն զգուշացրել Խաչատուրովի հանդեպ մտադրությունների մասին:
«Դա շատ հանգիստ կարելի էր անել Հավաքական անվտանգության Խորհրդի նիստում, որի կազմում են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, ՌԴ-ն և Տաջիկստանը, և պարզաբանել իրավիճակը»,-ասել է դիվանագիտական աղբյուրը:
Եվս մեկ խնդիր, որի մասին խոսել են «Կոմերսանտի» զրուցակիցները և որն արծարծվելու է բանակցություններում, ի հայտ է եկել օգոստոսի կեսին: Օգոստոսի լույս 15-ի գիշերը ՀՀ ՊԵԿ աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Հարավկովկասյան երկաթուղու գրասենյակում: ՀԿԵ մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը ՏԱՍՍ-ին ասել էր, որ կասկածներ կան 9,7 մլն դրամի ($19 հազար.) հարկեր չմուծելու մասով: Հարկային հարցերի լուծման նման եղանակը Մոսկվայում ընդունելի չեն համարում:
Նշվում է, որ Պուտինն ու Փաշինյանը նաև մանրամասն քննարկելու են զենքիմատակարարումները Հայաստանին:
Թեև ՀՀ ղեկավարության քայլերը միշտ չէ, որ ընկալվում են ռուսական կողմում, սակայն, ոչ ոք չի պատրաստվում խզել ռազմական գործակցությունը, պնդում է թերթի աղբյուրը: «Հենց որ մենք հեռանանք, մեր տեղը կզբաղեցնեն ուրիշները: Եվ նման քայլի հետևանքները կզգանք մենք բոլորս»,-ասել է պարբերականի ռազմական ոլորտի աղբյուրը:
Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հույս ունի, որ հարաբերությունները երկու երկրների միջև կհարթվեն: «Հուսալի կոնտակտ ստեղծելու համար, իհարկե մեկ այցը բավական չէ: Բայց ես չեմ կարծում, որ ռուս-հայկական հարաբերությունները շատ լավ են լինելու: Զենքի վաճառքը կշարունակվի: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանում ոչ ոք չի պատրաստվում այրել կամուրջները և կատարել էմոցիոնալ հայտարարություններ»,- պարբերականի հետ զրույցում նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը