07 09 2018

Ես սպիտակ գույնը շատ եմ սիրում, ի՞նչ անեմ, սև հագնե՞մ. Ծառուկյանը՝ սև-սպիտակի մասին

Ես սպիտակ գույնը շատ եմ սիրում, ի՞նչ անեմ, սև հագնե՞մ. Ծառուկյանը՝ սև-սպիտակի մասին

Ես ասել եմ՝ առաջինը եկեք, ինձ ստուգեք. Սեպտեմբերի 7-ին ԲՀԿ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԿՀ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ստուգումներ են իրականացվել իրեն պատկանող ընկերություններում:

Ծառուկյանի խոսքով՝ իր ընկերությունները բոլորի օրոք էլ կարող են  ստուգվել: «Ես ասել եմ՝ պատրաստ եմ, թող գան ու ստուգեն: Արտոնություն ոչ ոք չունի, բոլորը հավասար են օրենքի առաջ: Եթե մենք մաքուր ենք, ինչի՞ց պետք է վախենանք»,- ասաց նա:

Հարցին` եթե պարզվի՝ Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ինչպիսի՞ն կլինի իր վերաբերմունքը, Ծառուկյանը պատասխանեց. «Եթե Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ինչպես իմ մասին ասացի՝ Ծառուկյանին թող գան, գնդակահարեն հրապարակում, նույնն էլ` Աբրահամյանի հետ կապված. Աբրահամյանը պատրաստ է, թող գնդակահարեն: Մարդկանց շանտաժի ենթարկել չի կարելի: ՀՔԾ-ն ասել է զենքերը ստուգում են, հիմա երբ կստուգեն, պատասխանը կստանաք, այն ժամանակ էլ ասեք: Այդ հարցերը քննչական մարմիններին տվեք»:

ԲՀԿ ղեկավարն անդրադարձավ Երևանի խպնդիրներին և քաղաքապետի ընտրություններին.

«Ինչ ասում եմ, անձամբ ես եմ ասում, որ, իմ թիմակիցների հետ քննարկելով Երևանի խնդիրները, տեսել ենք, որ շատ են դրանք, բայց ամենակարևորը 5 խնդիրներն են: Այդ խնդիրը պետք է լուծել ոչ թե 3-5 տարիների ընթացքում, այլ քաղաքապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը: Առաջինը լիֆտերի խնդիրն է. այսօր 4957 հատիկ ունենք, որից 10 տոկոսն են նոր, մնացածը` 25-30 տարվա, մեջը չես ուզում մտնես: Ավելի լավ է ոտքով բարձրանամ, քան չգիտեմ՝ մտնեմ, դուրս կգա՞մ, թե՞ չէ»,- ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե գո՞հ է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունից, Ծառուկյանը պատասխանեց, որ մարդն անում է այն, ինչ կարող է: «Մարդ պետք է արած գործ ունենա, կյանքի փորձ ունենա, ոչ թե այսօր տաք-տաք, մեծ-մեծ խոսեն»,- հավելեց նա:

Հարցին, թե ինչո՞ւ Արարատ Զուրաբյանը և Նաիրա Զոհրաբյանն առաջադրել են իրենց թեկնածությունը տարբեր դաշինքներից, Ծառուկյանը պատասխանեց, թե «երկուսն էլ ներկայացրել են երևանցիներին»:

Իսկ թե ո՞ւմ շանսերն են ավելի մեծ, նա պատասխանեց՝ գնացեք, երևանցիներին հարցրեք:

«Եթե, ասենք, 60 տոկոսը Նաիրային է ուզում, 70 տոկոսը՝ Արարատ Զուրաբյանին: Կա մարդ՝ Նաիրային է ուզում, կա մարդ՝ Արարատ Զուրաբյանին: Թողեք՝ դաշինքը որոշի այդ հարցերը»,- ասաց Ծառուկյանը:

Լրագրողներից մեկը նկատեց՝ Ծառուկյանն ամբողջությամբ սպիտակ է հագել, Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ասած՝ սև-սպիտակի հետ կապ ունի՞, թե՞ ոչ: Ծառուկյանը պատասխանեց. «Ես ասացի, որ իմ ժողովրդի գույնին եմ, ուրիշ բաների չեմ պատասխանում: Ես սպիտակ գույնը շատ եմ սիրում, ի՞նչ անեմ, սև հագնե՞մ»:

Անդրադառնալով վարչապետի ընտրության օրը Նաիրա Զոհրաբյանին արած «նկատողությանը», թե՝ «Նառա', դու սուս», Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ կատակ է արել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Ծառուկյանը չի պատրաստվում թաքնված բարեգործություն անել ընտրություններից առաջ, նա պատասխանեց, որ բոլորին զգուշացված է՝ ամեն ինչ անել քաղաքի համար: «Օրենքի սահմանում ենք անելու ամեն ինչ, ինչ պետք է: Եթե որևիցե մեկին գտնեք, որ կասի Ծառուկյանը գումար ա բաժանում, թող Ծառուկյանին դատեն ամենաբարձր պատժով: Փող ինչի՞ եմ բաժանում, որ Նաիրա Զոհրաբյանին բերեմ փո՞ղ աշխատեմ: Ես պատրաստ եմ իմ փողերը դնելու: Ես ուզում եմ գործով ապացուցեմ, որ բոլորը ասեն՝ տեսեք ինչ լավ գործեր է կատարում Ծառուկյանը»:

ԲՀԿ առաջնորդը խոստացավ, որ ընտրությունների ընթացքում բարեգործություն չի անելու. «Իսկ ընտրություններից հետո մեր գործը կշարունակենք, ինչպես կարգն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ