ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելը՝ նրա քաղաքական անձեռնմխելիությունն ամբողջապես արհամարհելով, առաջացրեց ոչ միայն Մոսկվայի, այլև կազմակերպության այլ անդամ պետությունների բարկությունը և պատասխան արձագանքը։ Խաչատուրովի կալանավորման հետ կապված իրավիճակը պահանջում է մանրակրկիտ դիտարկում, քանի որ ազդում է կազմակերպության հեղինակության և ռազմաքաղաքական ռեսուրսի վրա։ Այս մասին գրում է Sonar2050.org-ը։
Ո՞րն է կատարվածի էությունը։ Հայաստանի ՀՔԾ-ն Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մեղադրանքն ապացուցելու դեպքում նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Չնայած (և սա շատ կարևոր է) «սահմանադրական կարգը տապապելու մասին» հոդվածը Հայաստանի Քրեական օրենսգրքում հայտնվել է 2008 թվականի դեպքերից հետո։ Պարզ ասած՝ քննությունը Յուրի Խաչատուրովին մեղադրում է մի հանցագործության կատարման մեջ, որի համար գործողությունների կատարման պահին Խաչատուրովին պատժել չէր նախատեսվում, իսկ դա հակասում է իրավունքի հիմնարար սկզբունքներին, քանի որ օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն դեպքում, եթե այն մեղմում կամ չեղարկում է իրավաբանական պատասխանատվությունը։
2008 թվականին Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրություններում պարտված Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ էր և բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից մեկը, ինչի համար էլ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, սակայն 2011 թվականի մայիսի համաներմամբ ժամկետից շուտ հայտնվեց ազատության մեջ։
Պատմությունը կրկնվում է․ իր ներկայիս պաշտոնը Նիկոլ Փաշինյանը ստացավ բողոքների շնորհիվ, որոնք Հայաստանում սկսվեցին ապրիլի կեսերին՝ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո։ Ընդդիմությունն անմիջապես հայտարարեց «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին, հասավ Սերժ Սարգսյանի հրաժարականին և այդ պաշտոնում Փաշինյանի ընտրությանը։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ժամանակ չկորցնելով, կառավարությունում տեղավորեց իր համախոհներին տարբեր հասարակական կազմակերպություններից, որոնք ֆինանսավորվել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից։ Հենց նրանց ազդեցությամբ Փաշինյանն անցավ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելուն, իսկ այս ամբողջ պատմությունը՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, կազմակերպվել էր նրանց մատուցմամբ, և, բնականաբար, չի կարող չարտացոլվել կազմակերպության գործունեության և հեղինակության վրա։
Հարկ է նշել, որ Ռուսաստանում քաղաքական շատ գործիչներ հայկական իշխանություններին կասկածում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։ Ընդ որում՝ շեշտադրում է արվում նաև «Երևանին և ՆԱՏՕ-ին ինչ-որ հատուկ ձևով մոտեցնելու վրա»։ Այս ամենը Ռուսաստանին առիթ է տալիս իր դաշնակցի վստահելիության և հետևողականության մեջ կասկածելու, որը չափազանց անհետևողականություն և «բազմաբնույթ ուղղվածություն» է ցուցաբերում։
Հօգուտ Խաչատուրովի խոսում է նախ և առաջ այն, որ նա ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարն է, իսկ 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ նա ոչ թե քաղաքական անձ, այլ Զինված ուժերի ներկայացուցիչ է եղել։ Դրա համար չափազանց դժվար է նրա դեմ քրեական գործ հարուցելու, առավել ևս՝ կալանավորելու համար ռացիոնալ պատճառներ գտնելը։ Գործի վերսկսման և ակտիվացման պատճառները տեսանելի են նոր իշխանությունների քաղաքականության մեջ։
2008 թվականին պարտվածները և անկարգություններ կազմակերպելու համար դատապարտվածներն այժմ հաղթել են և պարզապես ցանկանում են վրեժ լուծել։
Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկության դեպքում Նիկոլ Փաշինյանը կկարողանար բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի նման գործին լայն հրապարակայնություն չտրվի, այլ պարզապես համաձայնեցվի Յուրի Խաչատուրովին պաշտոնանկ անելու հարցը։ Իսկ քանի որ ընտրվում է հրապարակային իրավիճակը և ՀԱՊԿ-ի դեմ քաղաքական հարձակում է տեղի ունենում, ապա պետք է հասկանալ, որ Հայաստանում իշխանության է եկել արևմտամետ կողմնորոշմամբ հակառուսական քաղաքական գործիչ, նշում է կայքը։
Հայաստանում մեղադրանք է առաջադրվել ՀԱՊԿ գործող ղեկավարին, իսկ ՀԱՊԿ-ն Ռուսաստանի համար կարևորագույն ռազմաքաղաքական բլոկն է։ Այն կարևորագույն նշանակություն ունի Ռուսաստանի համար արտաքին քաղաքական տեսանկյունից, դրա համար Մոսկվան կարող է ցավագին արձագանքել ամեն իրադարձության, որը տեղի է ունենում ՀԱՊԿ անդամ պետություններում։ Եվ երևանյան ներկայիս իշխանությունների վարքը հազիվ թե բացառություն դառնա։
ՀԱՊԿ կանոնադրությամբ՝ գլխավոր քարտուղարը, կազմակերպության պաշտոնյաները և աշխատակիցները միջազգային ծառայողներ են, իսկ գլխավոր քարտուղարը և նրա ընտանիքի անդամները, եթե տվյալ երկրի քաղաքացիներ չեն, արտոնություններ ունեն, որոնց մասին նշվում է 1961 թվականի ապրիլի 18-ի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայում։
Իսկ Երևանն արդեն ՀԱՊԿ անդամներին առաջարկում է սկսել գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը՝ միաժամանակ նշելով, որ այդ պաշտոնում պետք է մնա Հայաստանի ներկայացուցիչ։ Կարծում ենք՝ Ռուսաստանն այժմ հետաքրքրված չէ Հայաստանի հետ բախման գնալու հարցում։ Դրա համար եթե տրվեն համապատասխան հավաստիացումներ, ապա խնդիրը կարող է մեղմվել, սակայն ո՛չ չեղարկվել։ Սակայն հայկական կողմի նկատմամբ ռուսական իշխանության անվստահությունը և հայկական կողմի ներքին դժգոհությունն այն բանից, որ Ռուսաստանը Հայաստանին չի դիտարկում որպես ամբողջովին ինքնիշխան երկիր, կարող են ազդել երկկողմ հարաբերությունների և կազմակերպության ներքին մթնոլորտի վրա։
Ինչ վերաբերում է պաշտոնին, ապա Ռուսաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ դեմ է հայկական կողմից մեկ այլ թեկնածուին։ Հայաստանն իր հերթին չի պատրաստվում զիջել Բելառուսին․ Փաշինյանին ձեռնտու չէ այդպիսի քայլն ընտրություններից առաջ․ չէ՞ որ Հայաստանի թեկնածուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին կարող է մնալ մինչև 2020 թվականը։ Հարցը միայն այն է, կհաջողվի՞ արդյոք պայմանավորվել կոնկրետ թեկնածուի հարցով։ Եթե այժմ, օրինակ, Փաշինյանն առաջարկի թեկնածու, որը հարմար կլինի Ռուսաստանին, դա կարող է դառնալ պայմանավորվածության առարկա այն պատճառով, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում չի ցանկանում ո՛չ ճգնաժամ, ո՛չ էլ սկանդալ։
Ակնհայտ է, որ Փաշինյանը կոպիտ սխալ թույլ տվեց, և ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի կալանավորումը՝ նրա քաղաքական անձեռնմխելիության արհամարհանքի պարագայում, համապատասխան գործընթացները չիրականացնելը, այդ պաշտոնի ընտրությունների և պաշտոնում հաստատվելու կարգն արհամարհելը բարկություն առաջացրին ոչ միայն Մոսկվայի մոտ, այլև կազմակերպության այլ անդամ պետությունների։ Նոր իշխանությունը կա՛մ անգիտակցաբար, կա՛մ էլ դիտմամբ կոռուպցիայի և սահմանադրությունը խախտողների դեմ պայքարի էյֆորիայում, լուրջ հարված հասցրեց այնպիսի աշխարհաքաղաքական կառույցի, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, որը, չնայած ռազմական պոտենցիալով և անդամերի թվով չի համեմատվում ՆԱՏՕ-ի հետ, սակայն միակ իրական հակակշիռն է այդ բլոկին։ Եվ հենց ՀԱՊԿ-ի անդամ լինելու շնորհիվ Հայաստանը հնարավորություն ունի ռուսական զենք գնել ներքին գներով, որոնք տասնապատիկ էժան են համաշխարհային շուկայի գներից։ Եվ այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն ակտիվորեն ընդլայնում է Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ՝ Վրաստանում և Ուկրաինայում, ռազմական ներկայությունը, Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի իմիջին հարվածը շատ անհարմար պահի էր։
Իսկ եթե համադրենք ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների մասին ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Փանիկ գյուղում տեղի ունեցածին ավելորդ հնչեղություն տալու ձգտումը և Նիկոլ Փաշինյանի շրջապատի մարդկանց ապակառուցողական պրոպագանդան, ապա տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի նոր կառավարությունը, չնայած ֆորմալ առումով Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը կողմ է ներկայանում և շեշտադրում անում Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության կարևորության վրա, ներքին տեղեկատվական դաշտում բաց հակառուսական քարոզ է սկսել։
Նիկոլ Փաշինյանի կողմից պետական կարևոր պաշտոններին արևմտյան դրամաշնորհներից ֆինանսավորվող անձանց նշանակելը և ներքին ռազմաքաղաքական գործընթացներին նրանց ազդեցության աստիճանական ուժեղացումը ՀԱՊԿ-ում լուրջ մտահոգություն է առաջացնում։ Համենայն դեպս, Փաշինյանի թիմի կոնկրետ դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցով հասկանալի կլինի Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը