ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրացական հեռուստաընկերություններին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Վրաստանի և Հայաստանի հարաբերություններին, կոնֆլիկտների կարգավորման հարցին և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի առաջիկա այցին Հայաստան։ Փաշինյանի խոսքով՝ վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան, հաղորդել է վրացական Առաջին ալիքը։
Վարչապետն ընդգծել է՝ Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունն առանձնահատուկ է և պետք է պաշտպանված լինի աշխարհաքաղաքական ազդեցությունից: «Կարծում եմ՝ իմ այցը Վրաստան, Սամցխե-Ջավախեթի, շատ ջերմ էր: Այդ այցը ցույց է տալիս մեր հարաբերությունների սերտ լինելը: Ես մշտապես ասում էի, նույնիսկ ընդդիմությունում լինելու ժամանակ, որ մեր հարաբերությունը Վրաստանի հետ պետք է լինեն յուրահատուկ, և պետք է աշխատենք այս հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցությունից պաշտպանելու համար: Այսպիսին է իմ կարծիքը մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների մասին»,- ասել է Փաշինյանը։
Առաջիկայում սպասվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան: Այս առնչությամբ վարչապետը նշել է․ «Մենք անհամբեր սպասում ենք Վրաստանի նոր վարչապետի այցին: Վստահ եմ, որ այդ այցը կլինի շատ արդյունավետ և հաջողակ։ Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան»,- նշել է ՀՀ վարչապետը:
«Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախեթիին, ինչպես գիտեք, այնտեղ ապրում են բազմաթիվ հայեր, և իմ հիմնական ուղերձն այն էր, որ Վրաստանը և Հայաստանը բարեկամներ են, դրացիներ: Մենք եղբայրական ազգեր ենք և չպետք է լինի մեր հարաբերություններին, բարեկամությանը և գործընկերությանը ստվերի տակ դնող որևէ հանգամանք: Վրաց ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Հայաստանի գործողություններում Վրաստանի նկատմամբ որևէ դավադրություն կամ բացասական նպատակ չկա: Իսկ հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի գործողություններում Հայաստանի դեմ դավադրություն և բացասական ասպեկտ չկա: Կարծում եմ՝ մեր կառավարության կոնկրետ խնդիրն է՝ ապահովել այդ բանաձևի իրականացումը և կարծում եմ, այդ բանաձևը կլինի մեր լավագույն հարաբերությունների երաշխիքը: Այսպիսով, մենք կկարողանանք մեր հարաբերություններն առավել հզորացնել»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է նաև Վրաստանի տարածքների օկուպացման և տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցին: Փաշինյանը նշել է, որ շատ զգույշ պետք է լինել կոնֆլիկտների մասին խոսելիս: «Պետք է զրուցել մեր տարածաշրջանում և ողջ աշխարհում կոնֆլիկտի ընդհանուր ընկալման մասին: Մեր դիրքորոշումն է, որ բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, խաղաղ բանակցությունների միջոցով: Միևնույն ժամանակ, համարում եմ, որ բոլոր կոնֆլիկտները եզակի են: Միմյանց նման կոնֆլիկտներ չկան: Շատ զգայուն պետք է լինել կոնֆլիկտների մասին խոսելիս»,- հայտնել է ՀՀ վարչապետը։
«Կարծում եմ՝ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Մենք խոսում ենք կոնֆլիկտի կարգավորման բանաձևի մասին, որը պետք լինի ընդհանուր՝ բոլոր կոնֆլիկտների համար, և որը կբացառի բռնի կերպով կոնֆլիկտի կարգավորումը: Մենք պատրաստ ենք դրան, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի դեպքում և նաև պատրաստ ենք աջակցել ցանկացած այլ երկրի, կոնֆլիկտների կողմերին՝ բանակցություններ վարելու և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը