Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 23-ին եռօրյա այցով մեկնում է Հարավային Կովկաս։ Ուղևորության շրջանակում նա կայցելի Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, կբանակցի երեք երկրների ղեկավարների հետ, կքննարկի անվտանգության հարցերը, երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում իրավիճակը և տնտեսությունը։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության աղբյուրին։
Ինչպես հաղորդվում է, Բեռլինը մեծ նշանակություն է տալիս Անդրկովկասի և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) հետ համագործակցությանը: «Մենք ցանկանում ենք ընդլայնել հարաբերությունները։ Այս հարցը ևս կքննարկվի այցի ընթացքում», - նշել է աղբյուրը: «Մենք հետաքրքված ենք տարածաշրջանի քաղաքական և տնտեսական զարգացմամ, ժողովրդավարության և իրավական պետության նորմերի աջակցման հարցում»:
Այց Վրաստան
Օգոստոսի 23-ին՝ կեսօրից հետո, Անգելա Մերկելը կժամանի Վրաստան, կհանդիպի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու և կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեի հետ: Սա Գերմանիայի կանցլերի երկրորդ այցը կլինի պաշտոնավարման ընթացքում։
Այց Երևան
Օգոստոսի 24-ին Գերմանիայի կանցլերը կժամանի Երևան։ Բանակցություններ են նախատեսված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Գերմանական կառավարության աղբյուրը նշում է, որ երբ լայնամասշտաբ ցույցերի արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը, Գերմանիա-ՀՀ հարաբերություններում «դրական օրակարգ» նկատվեց:
«Մեր կարծիքով այժմ լավ ժամանակ է այս երկիր այցելելու համար», - նկատել են Բեռլինում: Կանցլերը կհանդիպի նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այց Բաքու
Օգոստոսի 24-ին Անգելա Մերկելը կմեկնի Բաքու։ Նա բանակցություններ կանցկացնի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը, երկկողմ օրակարգը, ինչպես նաև էներգետիկայի հարցերը:
Ինչպես նշել է Կառավարության աղբյուրը, կանցլերը կբարձրաձայնի նաև մի շարք բարդ խնդիրների մասին: Խոսքը վերջերս տեղի ունեցած սկանդալին է վերաբերում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը Մերկելի կուսակցությունից Բունդեսթագի պատգավոր Ալբերտ Վայլերին ընդգրկել է անցանկալի անձանց ցանկում և չի թույլատրել նրան երկիր մուտք գործել: Վայլերը ներկայացնում է Անդրկովկասի երկրների հետ համագործակցության խորհրդարանական խումբը և Գերմանիայի կառավարության պատվիրակության անդամների ցանկում էր գտնվում: 2014 և 2016 թթ․ նա այցելել է Լեռնային Ղարաբաղ, որի պատճառով էլ Բաքուն նրան ընդգրկել էր անցանկալի անձանց ցուցակում: Կանցլերն անպայման Բաքվում կանդրադառնա մարդու իրավունքների, մամուլի ազատության և քաղաքացիական հասարակության հարցերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը