Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային շահերին քաղաքական դավաճանություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Ոմանք հրաշալի են խոսում հայերեն, բայց արդյոք նրանք հայերե՞ն են մտածում: Նշված տիկնոջը լսելով՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր առջև ոչ թե հայկական կուսակցության ներկայացուցիչ է, այլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի: Զարմանալի է, որ հասարակության մեջ մարդիկ կան, որոնք նման կարծիք են հայտնում: Սա սարսափելի է: Սա ազգային շահերին քաղաքական դավաճանություն է, բարոյական դեգրադացիայի դրսևորում»,- նշել է Դավիթ Բաբայանը:
Բաբայանը նաև նշել է, որ իմանալով, թե ինչով է սպառնում Արցախի անվտանգության համակարգի թուլացումը՝ ոչ միայն հանրապետության, այլև Հայաստանի և ամբողջ հայության համար անթույլատրելի է նման հայտարարություններ անելը: Մնում է միայն հույս ունենալ, որ այդ հայտարարության հեղինակի գլխի հետ մի բան այնպես չէ:
«Ադրբեջանն, ըստ էության, իրեն ավելի ազնիվ է պահում՝ բացահայտ հայտարարելով Արցախը ոչնչացնելու մտադրության մասին, իսկ նման անձանց հայտարարությունները արդարացում չունեն: Այդպիսի մարդիկ պիտի ամաչեն փողոց դուրս գալ»,-ասել է Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Զոյա Թադևոսյանը հուլիսի 31-ին մամուլի ասուլիսում ասել էր, որ գործ ունենք թեչ թե ազատագրած այլ զավթած տարածքների հետ, որոնք պետք է հետ վերադարձվե Ադրբեջանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը