ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել «Ազգային համաձայնություն» կուսակցությունը:
Նրանում ասվում է.
«Ամենավատ կանխատեսման դեպքում անգամ դժվար էր պատկերացնել, որ մարտի մեկի այնքան չարչրկված գործի բացահայտումը կվերածվի այսքան անորակ շոուի: Ինչպես մեր պետականության ապագայի, այնպես էլ երբևէ իրավական պետություն կառուցելու տեսանկյունից մարտի մեկի գործով հարուցված մեղադրանքները, մեղմ ասած, արդեն իսկ խնդրահարույց են, եթե չասենք՝ ի սկզբանե տապալված:
Նման իրավաբանորեն անօրակ մեղադրանքի պայմաններում որևէ իսկապես անկախ դատարանում մեղադրանքը կփլուզվի արդեն առաջին իսկ դատական նիստում: Որովհետև քաղաքական ենթատեքստը մեղադրանքի հիմքում, ցավոք, ակնհայտ է կամ այլևս բացահայտ:
Եթե իրադարձությունները շարունակեն զարգանալ այս նույն «իրավական» տրամաբանությամբ, երկրորդ նախագահը բոլոր միջազգային չափանիշների համաձայն կհամարվի քաղաքական հալածյալ կամ բանտարկյալ: Որովհետև հնարավոր չէ բազմահազար մարդկանց մասնակցությամբ և տարբեր աստիճանի ներգրավվածությամբ իրադարձությունների ողջ պատասխանատվությունը ջարդել երկու - երեք մարդու վրա ՝ անկախ նախկինում նրանց ունեցած պաշտոնական դիրքից:
Եթե նոր հեղափոխական իշխանություններին արտահերթ ընտրություններից առաջ նախընտրական շոու է անհրաժեշտ՝ էժան հեղինակություն վաստակելու համար, ապա դա անհնար է լինելու նույնիսկ այս ճանապարհով, որովհետև սպասվող էֆեկտը լինելու խիստ կարճաժամկետ:
Եվ ամենակարևորը ՝ դատավարության վերջում 10 զոհերի հարազատները այդպես էլ չեն ստանալու իրենց մտահոգող հիմնական հարցի պատասխանը: Որովհետև սա արդեն իրավաբանություն ու արդարադատություն չէ: Սա քաղաքականություն է՝ զուտ իրավական գործնթացը քաղաքական նպատակներին ծառայեցնլու փորձ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը