25 07 2018

Սա մարտի 1-ը բացահայտելո՞ւ փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու

Սա մարտի 1-ը բացահայտելո՞ւ փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու

Հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին հրավիրել է հարցաքննության՝ Մարտի 1-ի գործով: Այս առիթով «Հրապարակ» օրաթերթի հարցերին պատասխանել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

-Ռոբերտ Քոչարյանը պատրաստվե՞լ է այս հարցաքննությանը, գիտի՞, թե ինչ է իրեն սպասվում, և ինքն ինչ է պատասխանելու, քանզի այս թեմայով 10 տարի շարունակ օդում կախված հարցեր կան, և այս իշխանափոխությունը, փաստորեն, բացառիկ շանս է տվել թե՛ ձեզ՝ պաշտպանվելու հասարակության մեղադրանքներից, թե՛ հասարակությանը՝ ի վերջո իմանալու ճշմարտությունը։

-Ես իմ պատասխանը կբաժանեմ երկու մասի։ Չկա որևէ հարց, հանգամանք կամ որևէ փաստ՝ կապված Մարտի 1-ի վերաբերյալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որևէ գործողության հետ, որը գաղտնիք հանդիսանա, և որի վերաբերյալ պատասխաններ չլինեն։ Այսինքն՝ ես չեմ կարծում, որ այդ հանգամանքների վերաբերյալ հատուկ պատրաստություն է պետք։ Դրանք հանրահայտ փաստեր են, դրանց մեծ մասը հրապարակայնացված է, այնպես որ՝ ո՛չ նոր հորինելու բան կա, ո՛չ ինչ-որ պատրաստվելու հարց կա։ Մյուս կողմից, մենք շատ կարևոր մի հարցի պետք է պատասխանենք նախևառաջ՝ իսկ որքանո՞վ է օրինական այն գործը, այսպես կոչված՝ «նոր դրվագը», որը հարուցվել է Մարտի 1-ի գործով։ Կան բազմաթիվ հիմքեր պնդելու համար, և այդ հիմքերը տալիս են իրավաբանների հետ զրույցները, որ այս նոր դրվագը բացարձակապես մտացածին է, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումներին, ԿԸՀ որոշումներին, չի համապատասխանում օրենսդրությանը և գլխիվայր է շուռ տալիս պատմությունը։ Ինչո՞ւ․ կարծում եմ՝ դուք ինձնից լավ գիտեք, որովհետև, եթե հավատանք այն հանգամանքներին, որ մեջբերում է ՀՔԾ-ն, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը, որը փորձում էր տապալել սահմանադրական կարգը, հիմա ստացվում է՝ ինքը սահմանադրական կարգի կրողն էր կամ ներկայացուցիչը, և այդ սահմանադրական կարգն ինչ-որ մեկը տապալել է։ Սա, իմ կարծիքով, նոնսենս է։ Հիմա այս երկու պատասխանները միավորենք։ Հասարակությունից թաքցնելու որևէ բան Ռոբերտ Քոչարյանը չունի էդ թեմաներով, և այդ պատասխանները, որ ինքը պետք է տա, իմ կարծիքով՝ սակավաթիվ են, և էստեղ առանձնապես պատմելու շատ բան չկա։ Մյուս կողմից, մեծ հարց է՝ այս գործն ո՞ւր է տանում, սա օրինականություն հաստատելու և Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու փորձ։ Սա մեծ հարց է, որին դեռևս պետք է պատասխանել։

-Դուք չունե՞ք այդ հարցի պատասխանը։ Ամեն դեպքում, տասը տարի այս գործը յոթ կողպեքի տակ փակված էր, այսօր իշխանություն է փոխվել, և այդ իշխանությունն ուզում է բացահայտել այն։ Այսինքն՝ ինչո՞ւ պետք է հաշվեհարդար լինի՝ բացի արդարությունը վեր հանելուց և տասը զոհերի պատասխանատուներին բացահայտելուց։

-Էսպես ասեմ․ մի բան ակնհայտ է, որ էս ճանապարհով տասը զոհերի մահվան հանգամանքները հաստատ չեն պարզվելու։ Սա ակնհայտ է, որովհետև սա փորձ է ոչ թե դիտարկել իրականությունը, այլ իրականությունը վերաձևակերպել ու պարզապես վերանայել պատմական իրադարձությունները, որը ոչ միայն ծիծաղելի է, այլ նաև դատապարտելի։

-Իսկ ի՞նչ է պարզվելու, այդ դեպքում ո՞րն է այս ամենի նպատակը։

-Ես կուզենայի էդ հարցին ավելի հանգամանալից պատասխանել թերևս առանձին հարցազրույցով։

-Տարիներ ի վեր հասարակության կողմից գնահատականներ են հնչել, որ Սերժ Սարգսյանն իշխանության եկավ արյան գնով, և այդ ճանապարհը նրա համար ապահովեց Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա Քոչարյանն այս հարցաքննությամբ փորձելո՞ւ է մաքրել այդ արյունն իր վրայից, որ հասարակությունն իմանա՝ նա կապ չունի դրա հետ։

-Հասարակությունն ունի իր տրամադրության տակ բավականին փաստեր, որպեսզի հասկանա, թե ով որքանով է մեղավոր, որ Մարտի 1-ին զոհվեց 10 մարդ։ Այլ հարց է, որ հասարակության մի հատվածը կարող է չուզենալ այդ փաստերը հաշվի առնել։ Ես չեմ կարող հասարակության փոխարեն որոշել այնպես, ինչպես որոշում է ՀՔԾ-ն՝ հայտարարելով, թե հանրության լայն զանգվածներն ինչ էին կարծում այն ժամանակ։ Էնպես որ, իմ կարծիքով՝ ամեն ինչ բավականին պարզ է, ուղղակի մենք գտնվում ենք քաղաքական տուրբուլենտության շրջանում, և էդ հարցերի պատասխանների պարզ լինելը բոլորին չէ, որ տեսանելի է։

-Դուք տվեցիք Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, որ սահմանադրական կարգը նա է տապալել։ Սա ուղղակի կամ անուղղակի մեղադրա՞նք է՝ ուղղված նրան, որ նա իր մեղավորությունն ունի, և Միքայել Հարությունյանին վերագրվող 300.1 հոդվածն իրականում Տեր-Պետրոսյանին պետք է վերագրվեր։ Ինչպե՞ս հասկանանք դա։

-Ես ընդամենը շարադրում եմ փաստերը։ Այսինքն՝ այս ամենը, ինչի մասին մենք խոսում ենք, ընդամենը տասը տարի առաջվա և շատ հայտնի պատմություն է․ 21.5 տոկոս հավաքած և ընտրություններում պարտված թեկնածուն իրեն հայտարարել էր ընտրված նախագահ և շուրջօրյա հանրահավաքներ էր կազմակերպել։ Ինչ է եղել Մարտի 1-ին, կարիք չկա, որ նորից ես վերարտադրեմ։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի՝ հուլիսի 25-ի համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ