24 07 2018

Ծեծկռտուք՝ Թուրքիայի Մեջլիսում

Ծեծկռտուք՝ Թուրքիայի Մեջլիսում

Թուրքիայի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է տեղի ունեցել. կռվել են քրդամետ Ժողովրդադեմոկրատական ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունների անդամները: Պատճառը քրդամետ պատգամավոր Ահմեդ Շըքի ելույթն է եղել: Իր ելույթի ընթացքում նա իշխանություններին մեղադրել է ստի, անպատկառության, կոռուպցիայի ու տգիտության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Մի քանի ամիս առաջ բանտից դուրս եկած պատգամավորը մեջլիսի ամբիոնից քննադատել է ահաբեկչության դեմ պայքարի կանոնակարգի փոփոխության մասին օրենքի նախագիծը։ Նրա խոսքով՝ իշխանություններն այդ օրենքով փաստացի ցանկանում են պահպանել արտակարգ դրության ռեժիմի ժամանակ ունեցած ճնշման լծակները:

Իշխանությունների հասցեին վիրավորական արտահայտություններից հետո իրավիճակը խորհրդարանում սրվել է իշխող կուսակցության անդամները մոտեցել են ամբիոնին՝ փորձելով հարվածել Շըքին: Մեջլիսի նախագահը 10 րոպե ընդմիջում է հայտարարել, որից հետո խորհրդարանի մեծամասնությունը Ահմեդ Շըքին զրկել է հետագա երկու խորհրդարանական նիստերին մասնակցելու իրավունքից:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ