Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը ամերիկյան նախկին դիվանագետները տարբեր կերպ են գնահատել: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»-ը:
«Ցանկացած նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ վերջնական մոտեցումները շտկելու համար», - ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն հիշեցնում է՝ բանակցություններում ղարաբաղյան կողմի ներգրավման մասին Երշևանի մոտեցումը նոր չէ: Դեռևս Քավանոյի համանախագահության տարիներին միջնորդները հանդիպումներ էին անցկացնում նաև Ստեփանակերտում:
«Զարմացած չեմ, որ բարձրացնում է այդ հարցը, համոզված չեմ, թե դա ինչի կբերի, սակայն, արմատական փոփոխություններ չէի սպասի»,- ասել է Քավանոն:
Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթն ընդհանրապես ղարաբաղյան կարգավորումը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքի շրջանակներում. «Իմ համոզմամբ, էթնիկ հայկական բնակչության կարիքները կարելի է ապահովել այդ տարածքն Ադրբեջանի կազմում ճանաչելով»:
«Վարչապետն օգտագործեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը որպես գործիք՝ իր աջակցությունն ավելացնելու նպատակով»,- Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան նշել է Հերբսթը:
Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչն այլ կարծիքի է: Առաջին հերթին անհրաժեշտ է բացառել խնդրի ռազմական լուծումը և այդ ուղղությամբ բոլոր քայլերը դրական են, նշել է նա. «Կարծում եմ, մեզ անհրաժեշտ է առաջին հերթին մտահոգվել հակամարտության շրջանում զենքերի ավելացման, ռազմական հռետորաբանությամբ, որն առաջին հերթին հնչում է Ադրբեջանից, սակայն, երբեմն նաև Հայաստանից: Անհրաժեշտ է ամեն կերպ բացառել չնախատեսված հետևանքներով հնարավոր բախումները»:
Ռիչարդ Կազլարիչի կարծիքով, այս պայմաններում դրական է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան ղարաբաղյան խնդրի շուրջ տարաձայնություններ չունեն և համամիտ են խաղաղության պահպանման հետ:
Այդ կարծիքի է նաև դեսպան Քավանոն, ում համոզմամբ ղարաբաղյան խնդիրն այն եզակի հարցերից է, որոնց շուրջ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կարող են համագործակցել: Միևնույն ժամանակն, դեսպան Քավանոյի խոսքով, Թրամփ-Պուտին հանդիպման շուրջ ստեղծված տարաձայնությունների պայմաններում կարելի է դրական համարել, որ ղարաբաղյան խնդիրը չի գտնվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների օրակարգում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը