19 07 2018

Աշոտյանի համար անհասկանալի է Փաշինյանի սուր գնահատականը

Աշոտյանի համար անհասկանալի է Փաշինյանի սուր գնահատականը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին՝ ՌԴ զինվորականների մասնակցությամբ, նշել է՝ անչափ վտանգավոր է համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գհանատականներ հնչեցնելը:

«Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքոը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր:

Անհասկանալի էր, թե իրականում ինչ էր հետապնդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստին հնչեցրած սուր գնահատականը, եթե նախօրեին ռուսական ռազմաբազայից արդեն հնչել էին ափսոսանքի և ներողության խոսքեր: Տհաճ և սխալ եմ համարում նաև որոշ ռուսական ԶԼՄ-ների և ռուս վերլուծաբանների հապճեպ գնահատականները այս կապակցությամբ: Մի կաթիլ մեղր չդառնա հարցը, փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել Փանիկի միջադեպի առիթով և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ