Նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչո՞ւ էր երկրպագում Ֆրանսիային հավաքականին, ո՞վ է պատրաստվում այցելել Երևան, ինչպե՞ս են իրենց զգում Սիրիայի հայրենադարձները և ինչո՞վ տեսական ֆիզիկան կարող է օգնել ճշմարտության որոնումներում և Աստծուն ըմբռնելու հարցում։
– Պարոն Սարգսյան, Դուք ժամանել եք Մոսկվա ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին։ Ի՞նչ կասեք Ռուսաստանում մունդիալի կազմակերպման վերաբերյալ։
– Իմ կարծիքով` Ռուսաստանում աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ։ Ուզում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին և առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց։ Ասում եմ դա որպես մարդ, որին հոգեհարազատ է Ռուսաստանը, որը տեսել է վերջին երեք մունդիալները Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում։ Այնպիսի մթնոլորտ, ինչպիսին Ռուսաստանում էր, ես չեմ տեսել նույնիսկ Բրազիլիայում, որը հայտնի է իր կառնավալներով։ Տոն, փողոցներում ուրախ մարդիկ, ամեն ինչ կազմակերպված, ոչ մի միջադեպ, բացարձակ անվտանգ է, միաժամանակ չի զգացվում փողոցում ոստիկանների ներկայությունը։
Կարծում եմ, որ այս պահին գլխավորն այն է, որ այս առաջնությունն օգնել է աշխարհին տեսնել Ռուսաստանի իրական դեմքը։ Ցավոք, 21–րդ դարում վիրտուալ իրականությունը հաճախ մթագնում է իրերի իրական պատկերը։ Բայց հիմա հարյուր հազարավոր երկրպագուներ և լրագրողներ ամբողջ աշխարհից կարողացան տեսնել և հասկանալ, թե ինչպիսին է Ռուսաստանն իրականում։
Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ ֆուտբոլը կյանքիս մի ահռելի մասն է։ Իմ երիտասարդությունն անցել է Երևանում, և երբ 1973թ–ին Երևանի «Արարատ» թիմը դարձավ ԽՍՀՄ–ի չեմպիոն, հետո էլ շահեց ԽՍՀՄ գավաթը (1973–ին և 1975–ին` խմբ.), դուք չեք պատկերացնում, թե դա ինչպիսի ահռելի ուրախություն էր և տոն ամբողջ հանրապետության համար։
Վերջին տարիներին մեր ընտանիքում երկրպագում են Լոնդոնի «Արսենալ» ակումբին, և մենք հիմա հատկապես երջանիկ ենք, որովհետև այնտեղ խաղում է լավագույն հայ խաղացողը` Հենրիխ Մխիթարյանը։
– Ձեր կարծիքով ի՞նչ է պետք անել, որպեսզի երիտասարդությունը դպրոցից հետո չհեռանա երկրից։
– Դա նույնպես ավելի շատ գործադիր իշխանության խնդիրն է։
Բայց ես կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում անհնար է ինչ–որ մեկին պահել նույն տեղում։ Հակառակը, պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստանում, այլ երկրներում, աշխարհի լավագույն բուհերում և հետո տուն վերադառնա և երբեք չկորցնի Հայրենիքի հետ կապը։
Հայաստանի մոդելը պարզ է` փոքր երկիր, բայց գլոբալ ազգ։ Չէ՞ որ սփյուռքն այսօր Հայաստանի հսկայական առավելությունն է։ Ուստի ուժեղ սփյուռքը ուժեղ Հայաստան է։ Ի դեպ, ամենամեծ հայկական սփյուռքը հենց Ռուսաստանում է և մեզ ամենամոտը` թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգով։
– Շատերն ակնկալում են, որ Ձեր կապերը տարբեր երկրների քաղաքական և գործարար վերնախավի հետ թույլ կտան լրացուցիչ ներդրումներ ներգրավել Հայաստան։ Հաջողվե՞լ է արդյոք ինչ–որ պայմանավորվածություններ ձեռք բերել։
– Խորհրդարանական հանրապետությունում նախագահի դերը չի ենթադրում գործադիր իշխանության ինչ–որ լծակների առկայություն։ Ի սկզբանե հասկանալի էր, որ եթե ես զբաղեցնեմ այդ պաշտոնը, պետք է օգտագործեմ իմ կապերը գիտության, քաղաքականության մեջ, որպեսզի ներդրողներ բերեմ Հայաստան։
Հիմա Հայաստանում ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա» հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած փոփոխությունները շատերի կողմից դրական են ընկալվում։ Մեծ սպասումներ կան, որ փոփոխությունները կտանեն դեպի լավը, և կարևոր է, որ դրանք վերածվեն իրական արդյունքների տնտեսության և բիզնեսի մեջ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Sputnik Արմենիա-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը