16 07 2018

Նախարարությունում արտոնյալ մարդիկ չկան. Հրաչյա Ռոստոմյան

Նախարարությունում արտոնյալ մարդիկ չկան. Հրաչյա Ռոստոմյան

Հուլիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունից, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռարկված արձագանքման միջոցառումների, կազմակերպված ուսումնավարժությունների, ծառայողական քննությունների ընթացքի և այլ գերատեսչություններին քաղպաշտպանության հարցերով ցուցաբերված մեթոդական օգնության մասին:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա.Մկրտչյանը խորհրդակցությանը հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում տեսչությունը ստուգումներ է անցկացրել 12 օբյեկտում և շարունակում է հետևել ԱԳԼՃԿ-ներին նախկինում հանձնված կարգադրագրերի իրականացման ընթացքին:

Խորհրդակցության ընթացքում նախարար Հ.Ռոստոմյանը համակարգի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ներկայացնել զարգացման ծրագրեր՝ յուրաքանչյուրն իր մասով, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ՝ ուսումնասիրելով միջազգային առաջավոր փորձը և հիմնվելով Հայաստանում առկա ներուժի վրա:

ՀՀ ԱԻ նախարարը ՓԾ տնօրենին հանձնարարել է ներկայացնել առաջարկություն փրկարարների կողմից կենցաղային կանչերի արձագանքումը կարգավորելու ուղղությամբ՝ հաշվի առնելով մարդկային կյանքի ու անվտանգության ապահովումը, ինչպես նաև խստացնել նյութատեխնիկական ապահովման հարցերի և առկա ռեսուրսների նպատակային օգտագործման վերահսկողությունը.

«Նախարարությունում արտոնյալ մարդիկ չկան: Որևէ խախտում նկատելու դեպքում կդիմեմ խիստ միջոցների»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը: Նախարարը ևս մեկ անգամ հրահանգել է խստիվ հետևել, որպեսզի օպերատիվ ու ծառայողական նպատակներով հատկացված ավտոմեքենաները չօգտագործվեն անձնական նպատակներով:

Նախարարությունում կստեղծվի նաև հանձնաժողով՝ սեպտեմբերի 4-ին նշվող ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառումներին պատշաճ կերպով նախապատրաստվելու համար: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ