ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում նշել է՝ Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը: «Մենք հույս ունենք զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, արևմտյան երկրների, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ»,- նշել է վարչապետը՝ հիշեցնելով, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկերն է և Կոսովոյում և Աֆղանստանում դաշինքի երկու առաքելությունների մասնակից:
«Սա հնարավորություն է տալիս մասնակցելու միջազգային անվտանգության ապահովմանը: Այնուամենայնիվ, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, և մենք ընդհանուր առմամբ Հայաստանը տեսնում ենք այդ կազմակերպությունում և անվտանգության համակարգում»,- նշել է վարչապետը:
Հարցազրույցում Փաշինյանը նաև հաստատել է կառավարության պատրաստակամությունը կոռուպցիայի դեմ պայքարում, սակայն՝ «միայն օրենքի շրջանակներում և մարդու իրավունքներին համապատասխան»: «Ես քաղբանտարկյալ եմ եղել: Ինձ համար նվաստացուցիչ կլիներ, եթե Հայաստանում նոր քաղբանտարկյալներ լինեին»,-ընդգծել է նա:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նշել է՝ հույս ունի Հայաստանի տնտեսությունն ավելի գրավիչու դարձնել օտարերկրյա ներդրումների համար: «Մենք կարողացանք մեծ տնտեսական փոփոխությունների հասնել: Մենք հավասար պայմաններ ունենք բոլոր խաղացողների համար: Հույս ունենք Հայաստանի տնտեսությունն առավել գրավիչ դարձնելու օտարերկրյա ներդրումների համար: Մենք կամրապնդենք հայկական ժողովրդավարությունը մեր միջազգային գործընկերների օգնությամբ կամ առանց դրա»,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը