«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հետհեղափոխական «ցնցող բացահայտումների» ամենաինտրիգային դրվագներից մեկը, որի հանգուցալուծմանն անհամբեր սպասում են «քաղաքական վենդետաների» սպասումով ապրող և շնչող շրջանակները, «Մարտի 1»-ի գործի «վերաքննությունը», խոստանում է լուրջ փորձություն դառնալ «Նոր Հայաստանի» ազատ, անկախ և արդար դատական համակարգի համար։
Մի կողմ թողնենք՝ որքանո՞վ իրավաչափ է, երբ անձին, տվյալ դեպքում՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվում մի հոդվածով (խոսքը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մասին է, որով պատասխանատվություն է սահմանվում «սահմանադրական կարգը» տապալելու համար), որը «հանցագործության» պահին, այսինքն՝ 2008թ. մարտի 1-ին, գոյություն չի ունեցել՝ ընդունվել է 2009թ. մարտի 18-ին և ուժի մեջ մտել մարտի 24-ին:
Փաստաբան Նորայր Նորիկյանի սույն դիտարկմանն ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայությունը, ի դեմս իր խոսնակի, հավաստիացրել է, որ «Մ. Հարությունյանին սխալ մեղադրանք չի առաջադրվել»։ Ըստ նրա, սահմանադրական կարգի տապալումը 2008-ին էլ է համարվել հանցագործություն և քրեորեն հետապնդելի արարք՝ պարզապես 2008թ. այդ հանցակազմը սահմանված է եղել 300-րդ հոդվածի (պետական իշխանության յուրացում) հատկանիշներով, հետո առանձնացվել է և մի փոքր այլ ձևակերպմամբ ամրագրվել 300.1 հոդվածով։
Ո՞վ է ճիշտ, ով՝ սխալ իրավական այս վեճում՝ մասնագետները պետք է ասեն։
Շատ ավելի «հետաքրքրաշարժ» է, թե ինչ փաստարկներ և հիմնավորումներ են դրված մեղադրանքի հիմքում. իրավական որևէ փաստաթղթով որևէ կերպ չհիմնավորված, լիովին մերկապարանոց պնդումներ, որ քննչական խումբը «քոփի-փաստ» է արել Տեր-Պետրոսյանի կողմնակիցների և փաստահավաք խմբի «կոնգրես»-ական թևի ներկայացուցիչների՝ ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանի և փաստաբան Սեդա Սաֆարյանի ստեղծագործական մտքի գոհարներից։
Եվ այսպես. «պարզվել է, որ 2008թ. փետրվարի 19-ին անցկացված ՀՀ նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից»,- իրեն Սահմանադրական դատարանի գործառույթ վերապահելով՝ ծանուցում է ՀՔԾ-ն քննչական խումբը։
Ինչպե՞ս են պարզել, որքան է կազմում ընտրությունները ոտքից գլուխ կեղծված համարող «հասարակության լայն շերտերի» լայնությունը՝ Աստված գիտի, մեկ էլ՝ «Մարտի 1-ի կազմակերպիչների բացահայտման» քաղաքական պատվերն իջեցնողները։
Շարունակությունը նույն ոգով է. «Ընտրությունների ընթացքում կատարված մեծածավալ խախտումները, որոնք հասարակական կազմակերպությունների, տարբեր իրավապաշտպան կառույցների և քաղաքացիների կողմից վերագրվել են հանրապետության գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, առաջացրել են հանրության մեծ մասի զայրույթը և 2008թ. փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային խաղաղ միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ»:
«Մեծածավալ խախտումների» ծավալն ինչքա՞ն մեծ է, և ի՞նչ հասկանալ՝ «հանրության մեծ մասի» տակ, նմանապես անհայտ է. Երևակայությանը զոռ տալու դեպքում հանգիստ կարելի է ասել, որ դա «ամբողջի» 99,9 տոկոսն է՝ ոչ ավել, ոչ պակաս։
ՀՔԾ քննիչներն իրենց վատ չեն դրսևորել նաև հոգեվերլուծության ասպարեզում՝ սևով սպիտակի վրա գրել են, որ «հասարակության լայն շրջանակներում առաջացող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին»։
Եվ, իհարկե՝ նեղություն չեն քաշել հստակեցնել «լուրջ անհանգստության» լրջության աստիճանը և դրա չափման մեթոդաբանությունը։ Փոխարենը ապացուցված են համարել, որ իշխանությունը բռնությամբ տապալել է սահմանադրական կարգը։
Մասնավորապես Մ.Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք (ովքե՞ր՝ չեն կոնկրետացնում, հավանաբար՝ պոտենցիալ «հանցագործներին» չխրտնեցնելու համար), ըստ նրանց, խախտել են զինված ուժերը բացառապես ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության պաշտպանությանը ծառայեցնելու, ներքաղաքական գործընթացների մասնակից չդարձնելու սահմանադրական նորմը։
Ավելին՝ «փաստացի ռազմական դրություն» են հաստատել երկրում՝ չունենալով դրա իրավունքը, և դա արել են 2008թ. փետրվարի 23-ի «հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանի» հիման վրա՝ «զինված ուժերի ողջ անձնակազմը» տեղափոխելով զորանոցային վիճակի, ստեղծելով տաբելային զենքերով զինված սպայական խմբեր և «բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով»:
Մեղադրանքի մեջ շարադրված «փաստերը» որքանո՞վ են համապատասխանում իրականությանը՝ դատաքննությունը ցույց կտա։ Բայց առնվազն անհասկանալի է, որ «խաղաղ ցույցի» մասնակից «անզեն մարդկանց» պատճառված անթիվ-անհամար մարմնական վնասվածքների, ոստիկանության և զինված ուժերի կողմից նրանց դեմ կիրառված «ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների», Երևանին, երևանցիներին և քաղաքացիներին հասցված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի մասին կոկորդիլոսի արցունքներ թափող քննչական խմբին ընդհանրապես չի հետաքրքրել։
Եթե ցուցարարները «խաղաղ էին», ինչպե՞ս է պատահել, որ մարմնական վնասվածքներով բուժհաստատություններ տեղափոխված քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ոստիկաններ են եղել։
Կարո՞ղ է՝ վահանները «գլխին քաշած», մետաղաձողերով ու քարերով զինված «հակառակորդից» պաշտպանվող 18-19 տարեկան պատանիները կամ երկու սպանված զինծառայողներն իրար են կոտորել։ Ի վերջո, այդ ամենը կլինե՞ր՝ ոստիկանների և ցուցարարների գլխից մազ կպակասե՞ր, եթե նույն Նիկոլ Փաշինյանը ոչ թե բացահայտ սադրիչ հայտարարություններ աներ և հրահրեր ցույցի մասնակիցներին, ասելով՝ հոգիս փառավորվում է, երբ տեսնում եմ, թե ինչպես եք ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ խլում, այլ սիրո և համերաշխության, բռնությանը բռնությամբ չպատասխանելու, «մերկ ձեռքերով պայքարից» ոչ մի թիզ չնահանջելու կոչեր աներ, ինչպես ապրիլյան իրադարձությունների ժամանակ՝ երկու նախադասությունը մեկ հիշեցնելով. «Ոստիկանները մեր եղբայրներն են»։
Հո գրելով չէ՝ այդ մեղադրանքը պետք է պաշտպանել դատարանում։ Էլ չենք ասում, որ Եվրոպական դատարան կա, միջազգային իրավունքի նորմեր կան. ո՞ւր են տանում երկիրը՝ թքած ունենալով ՍԴ որոշումների վրա, աչք փակելով 2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, Եվրախորհրդի և Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների եզրակացությունների վրա, որտեղ հստակ գրված է՝ ընտրությունները մրցակցային են եղել, հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին և մի քայլ առաջ՝ բոլոր նախորդ ընտրություններից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը