25 06 2018

Լույս է տեսել Վիկտոր Սողոմոնյանի «Իշխանության հրապարակայնությունը» գիրքը

Լույս է տեսել Վիկտոր Սողոմոնյանի «Իշխանության հրապարակայնությունը» գիրքը

Քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ 2րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի «Իշխանության հրապարակայնությունը» գիրքը լույս է տեսել հայերեն լեզվով:

Գրքի նախաբանում պրոֆ. Սուրեն Զոլյանը նշում է. «Վիկտոր Սողոմոնյանի «Իշխանության հրապարակայնությունը. գոյաբանություն, գործակառույցներ, հայեցակարգեր» մենագրությունը, որը ներկայացվում է ընթերցողին, բավականին մեծ հետաքրքրություն ներկայացնող փորձ է՝ հասկանալու մի կողմից իշխանության հրապարակայնության մեխանիզմները, մյուս կողմից՝ դրա իրականացման մեխանիզմները, և վերջապես՝ այս երկու հասկացությունների համադրությունը միասին: Այստեղ պարադոքսալ կերպով զուգորդվում են թե՛ խնդրի տրիվիալությունը և թե՛ դրա աննախադեպ բնույթը: Ընդունված է համարել, որ իշխանությունը, ըստ սահմանման, հենց հրապարակային երևույթ է, ուստի, «իշխանության հրապարակայնություն» բառերի կապակցությունը կարծես նույնաբանություն լինի: Այդ իսկ պատճառով, երբ խոսում են իշխանության մեխանիզմների մասին, ապա ավելի շատ նախընտրում են խորանալ իշխանության գաղտնի մեխանիզմների ու դրանց դրսևորումների (բացահայտման) բնույթի մեջ, քան ուսումնասիրել կառավարման գործառույթների իրականացման սովորական, կարծրացած ձևը: Սա գրեթե կոնսպիրոլոգիական սխեմաների է բերում. չէ՞ որ առավել հետաքրքիր է նկարագրել (կամ բացահայտել) այն, թե ինչ է (իբրև թե) իրականում իշխանությունը, քան այն՝ թե ինչպիսին է իշխանությունը ցանկանում երևալ: Օրինակ՝ շատ ավելի հետաքրքրական է նկարագրել անդրկուլիսյան ինտրիգները, որոնք հանգեցնում են Նախագահի այս կամ այն հրամանագրի արձակմանը, քան բացահայտել այդ հրամանագրի հրապարակման մեխանիզմները, այսինքն՝ հրապարակայնության ստեղծումը:

Վ. Սողոմոնյանի վաստակը, ըստ պրոֆեսոր Սուրեն Զոլյանի, նախևառաջ, կայանում է նրանում, որ նա ցույց է տալիս, որ իշխանության հրապարակայնությունը, այդ երևույթի տարբեր ընկալումներով հանդերձ, տիպաբանորեն տարբերվող հաղորդակցական սխեմաների բազմամակարդակ համակարգ է: Ընդ որում, իշխանության բնույթն ու հրապարակային հաղորդակցության իրականացման բնույթն ընդհանուր գծերով համապատասխանում են միմյանց, սակայն միմիայն ամենաընդհանուր գծերով. դրանք լիովին կարող են գոյություն ունենալ միմյանցից անկախ, և դա է պատճառը, որ կարող են ստեղծել բազմաթիվ, երբեմն բավականաչափ արտասովոր փոխդասավորություններ:

Նմանատիպ ուսումնասիրությունները հատկապես արդիական են դառնում մեր ժամանակներում, երբ ներգործության տեղեկատվական մեխանիզմները փոխարինվում են իշխանության իրականացման ռեպրեսիվ մեխանիզմներով, անհնազանդություն ցուցաբերելու համար պատժի փոխարեն գործի է դրվում համոզելու համակարգը, որը ենթադրում է շատ ավելի հարուստ ու երբեմն ճկուն հաղորդակցության գործիքակազմի առկայություն»:

Գրքի հրապարակման առիթով Yerevan.Today-ը հարցազրույց ունեցավ Վիկտոր Սողոմոնյանի հետ:

Պարոն Սողոմոնյան, ում է հասցեագրված Ձեր գիրքը, ով է նրա ընթերցողն ըստ Ձեզ:

Նախ, գիրքը հասցեագրված է քաղաքագետներին և լեզվաբաններին, ավելի լայն` հասարակագետ-գիտնականներին, գիտության տվյալ մարզն ուսումնասիրող բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին: Ժամանակին այն գրվել է որպես գիտական աշխատանք և հենց գիտական հանրույթին ներկայացնելու համար: Այնպես որ, այդ իմաստով հասցեատերերը հայտնի են:

Միևնույն ժամանակ, վստահ եմ, որ այս հետազոտությունը օգտակար կլինի քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր մարդու, առավել ևս` պետական քաղաքականություն իրացնողների համար: Քաղաքականությունը և իշխանությունը արդի աշխարհում մեծապես իրացվում են հրապարակային դաշտում, իսկ այդ իրացումը որպես գործընթաց ունի հստակ ձևեր ու միջոցներ, հստակ գործիքակազմ ու ձևավորված հայեցակարգեր: Եվ այս կամ այն գործիքակազմի կամ հայեցակարգի ընտրությունը այս կամ այն առանձին գործչի կամ իշխանության կողմից արդեն ինքնին թույլ է տալիս որոշակի եզրակացություններ անել տվյալ քաղաքական գործչի կամ տվյալ իշխանության բնույթի մասին: Կարծում եմ, այս հարցերը մանրամասնորեն լուսաբանող աշխատությունը կարող է քիչ թե շատ կարևոր գիտելիք տալ յուրաքանչյուր քաղաքական գործչի:

Ուսումնասիրության մեջ նշում եք, որ իշխանական դիսկուրսի հիմքում հրամանն է և գրեթե` ուրիշ ոչինչ: Մի՞ թե դա վերաբերում է նաև արդի աշխարում գործող իշխանություններին:

Փորձեմ հնարավորինս հակիրճ բացատրել:

Այստեղ գործ ունենք իշխանության ինստիտուտի էության հետ, դրա ինստիտուցիոնալ բնութագրի հետ: Իշխանությունը /եթե շատ պարզեցված ասենք/ պետք է ղեկավարի տվյալ երկրի քաղաքացիների ընդհանրական գործունեությունը և ստիպված է դա անել հրապարակային դաշտում: Չես կարող որպես երկրի ղեկավար հրաման արձակել, բայց չհրապարակել այն. այդ հրամանը, բնականաբար, չի կատարվի: Սա մի կողմից: Մյուս կողմից. ինչ էլ որ անի, ինչպես էլ որ խոսի և ինչպես էլ որ գործի իշխանությունը հրապարակային դաշտում, միևնույնն է` այն հրամայում է, պարզապես հրամանի տարբեր ձևերից /ուղղակի, քողարկված, ծիսական/ մեկն է օգտագործում: Տեսեք. ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածում, թե այսինչ օրը այսինչ ժամին այսինչ միջոցառման պատճառով այս փողոցը փակ է լինելու: Նման է խնդրանքի, ճիշտ է: Երբեմն նույնիսկ այդ բառն է օգտագործվում` «խնդրում ենք վարորդներին…»: Բայց իրականում դա քողարկված հրաման է` հրամայվում է այդ օրը այդ փողոցով չերթևեկել: Կամ. կառավարությունը տեղափոխում է աշխատանքային օրերը և հաղորդագրություն տարածում այդ մասին: Ինչ է այն անում ըստ էության: Հրամայում է աշխատել այս օրը և չաշխատել այնինչ օրը: Իշխանության հիմնական ֆունկցիան հանրային կառավարումն է, ու իշխանական դիսկուրսի հիմքում բնականորեն դրված է հրամանը, թեկուզ և ոչ ուղղակի` քողարկված կամ ծիսական:

Ասեմ ավելին. յուրքանչյուր իշխանության միջին վիճակագրական հպատակ /այսինքն` տվյալ որևէ երկրի քաղաքացիների մեծամասնությունը/ սպասում է և լիովին պատրաստ է, որ իրեն կառավարեն, և դա բնական է: Դա է պատճառը, որ ամեն հերթական անգամ հաղորդակցվելով հրապարակային դաշտի հետ և օգտագործելով իրեն հասու, իրեն պատկանող կամ չպատկանող հրապարակային տիրույթները, իշխանությունը հանրության շրջանում հրամանի սպասում է առաջացնում: Երբ մեզ հայտնում են, որ մեկ ժամից նախագահը կամ վարչապետը հանդես են գալու հայտարարությամբ, ապա մենք սպասում ենք, որ իշխանությունը ոչ միայն որոշակի կարևոր տեղեկություններ է հայտնելու մեզ, այլև այնուհետ լուծումներ է առաջարկելու` որոշակի հրամաններ արձակելով տվյալ իրավիճակի հետ կապված:

Այսքանով սահմանափակվեմ եթե դեմ չեք, հակառակ դեպքում կվերապատմեմ ամբողջ գիրքը /ծիծաղում է/:

Իսկ այս համատեքստում ի՞նչ կասեք գործող իշխանությունների մասին: Արդեն արե՞լ եք որոշակի եզրակացություններ:

Կարծում եմ, շատ շուտ է եզրակացություններ անել: Հասկանալու համար, թե հրապարակայնության իրացման ինչպիսի հայեցակարգ է ընտրել այս իշխանությունը և որ գործիքակազմն է նախընտրում, առնվազն կես տարի, ավելի լավ` 8-10 ամիս ժամանակ է հարկավոր: Պատրաստ եմ ներկայացնել Ձեզ իմ դիտարկումներն այս թեմայով տարվա վերջին:  

 

Հարցազրույցը վարեց Սևակ Հակոբյանը

Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»-ի

 

Հատված՝ գրքից

Ինչու՞ մինչև հիմա պատշաճ կերպով չի ուսումնասիրվել (և նույնիսկ չի էլ բացահայտվել) «իշխանության հրապարակայնության» երևույթը: Այս հանգամանքն արդյոք չի՞ վկայում այդ երևույթի ինքնօրինակության ու ինքնուրույնության ոչ բավարար լինելու, դրա՝ այսպես կոչված՝ «անառարկայականության» մասին:

Այստեղ, թերևս, երկու հիմնական գործոն են իրենց դերն ունեցել:

Նախ, առաջին իսկ հայացքից աչք է զարնում բոլոր այն հարցերի վառ արտահայտված ակներևությունը, որոնք վերաբերում են ուսումնասիրվող երևույթին՝ դրա ցանկացած իմաստով, ինչն էլ, ըստ ամենայնի, լրջորեն թուլացրել է այս թեմայի նկատմամբ հետաքրքրությունը: Եթե հաշվի առնենք, որ իշխանության հրապարակայնությունն իշխանության թափանցիկությունն ու մեդիականությունն է, ապա այստեղ քննարկելու առանձնապես ոչինչ չկա՝ ամեն ինչ հասկանալի է. իշխանության հրապարակայնությունն այս կամ այն իշխանության գործունեության բացության աստիճանն է, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում նրա ներկայացվածության աստիճանը: Եթե «իշխանության հրապարակայնություն» հասկացությունը հասկանանք որպես «պետական իշխանության»՝ ավելի շատ իրավաբանական, քան քաղաքագիտական իմաստով հասկացության ածանցյալ, ապա այս դեպքում նույնպես բոլոր հարցերը սպառված կլինեն, բացի այն հարցերից, որոնք վերաբերում են պետական իրավունքի ու պատմության ոլորտներին: Իսկ եթե վերցնենք այս ուսումնասիրության հիմքում ընկած մոտեցումը, այսինքն՝ իշխանության հրապարակայնությունը հասկանանք որպես ցանկացած իշխանության անբաժանելի հատկություն, որպես իմպերատիվի տարածմանն ուղղված՝ իշխանության հատուկ հաղորդակցական-խոսքային գործողություններ, ապա նույնիսկ այստեղ, առաջին հայացքից, ուսումնասիրության համար հետաքրքրություն ներկայացնող որևէ առանձնահատուկ բան չի լինի: Այստեղ «իրադարձությունների կենտրոնում» հրամանն է, իսկ հրամանի առանձնահատկությունների ուսումնասիրությունն առավել նպատակահարմար է շաղկապել ոչ թե ցանկացած իշխանության (իշխանության ինստիտուտի) համար ընդհանուր հատկանիշների, այլ որոշակի կոնկրետության հետ՝ ով հրամայեց, որտեղ հրամայեց, ինչպես հրամայեց և այլն: Արդյունքում, նույնիսկ այս մոտեցման դեպքում հնարավոր կլինի առավելագույնը մեկ-երկու «ռեժիմային» ուսումնասիրություն «ստանալ»՝ առանց ընդհանրացված ու քաղաքական գիտության համար նոր արդյունքների:  

Սակայն առավել ուշադիր ուսումնասիրության առնելու և դրա հետ մեկտեղ եզրույթները ճշգրտելու և ուսումնասիրության սահմանները դեպի հարակից դիսցիպլիններ ընդլայնելու դեպքում մեր առջև, ինչպես տեսնում ենք, բոլորովին այլ պատկեր է բացվում՝ քաղաքագիտական ուսումնասիրության համեմատաբար նոր հարթություն, որն ըստ էության, իշխանության ինստիտուտի կարևորագույն հատկանիշներից է՝ հրապարակային գործունեություն իրականացնելու հատկությունը, որն ուղղված է իշխանությունը բնորոշող գործառույթի՝ կառավարման գործառույթի իրականացմանը: Ընդ որում, հարկ է հասկանալ, որ «իշխանության հրապարակայնություն» երևույթը միաժամանակ պատկանում է իշխանության ինստիտուտի երեք կոնստիտուտիվ տարրերին. դա և՛ իշխանության աղբյուրներից մեկն է, քանի որ այն իշխանությանը ծնունդ տվող ու դրա լեգիտիմությունը պահպանող երևույթ է, և՛ իշխանության ռեսուրսներից մեկը, քանի որ գործնականում իշխանության իրացման համար անհրաժեշտ միջոցներից մեկն է, և՛, վերջապես, հրապարակայնության իրացումն է՝ իշխանության գործառույթներից մեկը, քանի որ այդ գործընթացի շնորհիվ իշխանությունը կառավարումն իրականացնում է առանց բռնության կիրառման (կարելի է այդ երևույթը պայմանականորեն անվանել «բռնությամբ կառավարմանը նախորդող»)։

Երկրորդը, այստեղ ակնհայտորեն իր դերն է ունեցել տվյալ երևույթի «սահմանայնության» գործոնը. ըստ երևույթին, քաղաքագետները երկար ժամանակ համարել են, որ իշխանության գործունեության այս բնագավառը լեզվաբանական ոլորտից է, իսկ լեզվաբանները համարել են, որ քաղաքագիտականից է։ Այստեղ կարելի է հիշել Միխայիլ Իլյինի ասածը՝ նշանագիտությունից գաղափար ունեցող քաղաքագետների կամ քաղաքագիտությունից գաղափար ունեցող նշանագետների մասին։ Եվ իսկապես, այդ մոտեցումը պարզ տեսնելու համար միակ ռակուրսը կարող էր դառնալ միջդիսցիպլինար ռակուրսը, առավել ևս, որ «քաղաքական գիտությունը որևէ սեփական առանձնահատուկ մեթոդ չի ստեղծել քաղաքական իրականության ուսումնասիրության համար։ Այն միշտ օգտագործել է այլ գիտական դիսցիպլինների՝ հիմնականում մոտ կամ հարակից գիտությունների ճյուղերի գործելաձևերը, որոնց օգնությամբ էլ իրականացվում է քաղաքական իրականության ուսումնասիրությունը»։

Ինչ վերաբերում է դիտարկվող երևույթի «առարկայականությանը», ապա այն, թերևս, չպետք է կասկածներ առաջացնի։ Իշխանության հրապարակայնությունը, ինչպես դա ցույց է տրվել այս ուսումնասիրության մեջ, ցանկացած իշխանության անբաժանելի հատկանիշն է, դրա տեխնոլոգիան, որը գործի է դնում հենց իշխանությանը, և իշխանության՝ որպես այդպիսին «ստեղծիչ» երևույթներից մեկը։ Արդեն խոսվել է այն մասին, որ այս մոտեցման շնորհիվ հետագա ուսումնասիրությունները քաղաքագետներին կարող են օգնել առավել ճշգրտությամբ ուսումնասիրելու ու դասակարգելու իշխանության հրապարակայնության գործիքակազմը, որոշարկելու, թե ինչ ձևերի մեջ այն կարող է դրսևորվել ու հաջողությամբ նյութական տեսք ստանալ, հետևելու, թե ինչ ճանապարհներով կոնկրետ իշխանությունը կարող է դառնալ հրապարակայնության-պահին-իշխանություն և իմպերատիվը գործի դնելու սեփական ոճի շնորհիվ ստանալ իր տեսակի մեջ յուրօրինակ՝ բացառապես այդ իշխանությանը հատուկ կերպար։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ իշխանության հրապարակայնության ձևերի և (կամ) տեսակների ու հայեցակարգերի հետագա, առավել խորացված ուսումնասիրությունը ինչպես տեսական, այնպես էլ գործնական հարթությունում կարող է ճանապարհ հարթել դեպի այս կամ այն քաղաքական ռեժիմի էության առավել ճիշտ ընկալումը, հանգեցնել ժամանակակից աշխարհում այս կամ այն իշխանության բնույթը որոշելու նոր ու առավել արդյունավետ ինդիկատորների ձևավորմանը։ Ակնհայտ է նաև այն, որ կառավարման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում կոնկրետ իշխանության կողմից կիրառվող հրամայելու ձևերի ու տեսակների՝ ըստ որոշակի (կոնկրետ իշխանության կողմից գիտակցված և ընտրված կամ՝ ոչ) հիերարխիայով աստիճանակարգված ռեպերտուարը կարող է առավելագույն ճշգրտությամբ բացահայտել այդ իշխանության էությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ