Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունեցել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։
Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ավելի քան 59 մլն 354 հազար քաղաքացիների 87.1 տոկոսը:
Նախագահի ընտրության քվեաթերթիկների 75,7 տոկոսի հաշվարկի արդյունքում` Թուրքիայի գործող նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների մեծամասնությունը` 54,6 տոկոսը: Նրանից հետո երկրորդ տեղում է քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն` 29,6 տոկոս ձայներով: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները ստացել է ձայների 7,4, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) բանտարկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը` 7,1 տոկոսը:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հունիսի 25-ի առավոտյան հետևյալն են. հաշվվել է քվեաթերթիկների 69,02 տոկոսը: «Ժողովրդական դաշինք»-ը, որի կազմում են ԱԶԿ-ն և «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ստացել է 56,06 տոկոս ձայն (ԱԶԿ` 44,4 տոկոս, ԱՇԿ` 11,6 տոկոս): Ըստ ստացված տոկոսների հարաբերակցության` 600 պատգամավորական մանդատ ունեցող մեջլիսում ԱԶԿ-ն ստանալու է 303, իսկ ԱՇԿ-ն` 51 պատգամավորական մանդատ:
«Ազգային դաշինք»-ը, որի կազմում են ՀԺԿ-ն, «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունները, ստացել է 32,62 տոկոս ձայն (ՀԺԿ-` 21,4 տոկոս, «Լավ» կուսակցություն` 9,7 տոկոս, «Երջանկություն» կուսակցություն` 1,4 տոկոս): Ըստ ստացված տոկոսների` ՀԺԿ-ն ունենալու է 138 պատգամավորական մանդատ, «Լավ» կուսակցություն` 45: «Երջանկություն» կուսակցությունն այս պահին պատգամավորական մանդատ չունի:
Քրդամետ ԺԴԿ-ն ձայների նախնական հաշվարկով կարողացել է հաղթահարել ընտրական 10 տոկոսանոց շեմը` հավաքելով 10,04 տոկոս, ինչը նրան տալիս է 63 պատգամավորական մանդատ: Կուսակցությունը հաղթանակ է տարել արևելյան քրդաբնակ Իգդիր, Աղրը, Վան, Սիիրթ, Շըրնաք, Մարդին, Բաթման, Դիարբեքիր, Թունջելի, Մուշ, Հաքքարի նահանգներում:
Նշենք նաև, որ նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Կարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը:
Այս պատմական ընտրություններն առաջինն են երկրում 2017 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո: Ընտրությունների արդյունքում երկրում խորհրդարանական կառավարման համակարգից անցում է կատարվում նախագահական կառավարման համակարգի: Ընտրություններից հետո նախագահի ձեռքում են կենտրոնանալու ավելի շատ լիազորություններ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը