Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից ձեռքբերված ամերիկյան Բել-412 ուղղաթիռներին:
Նա, մասնավորապես, գրել է. «Ուղղաթիռների վաճառքի դեմ բողոքն արդեն ԱՄՆ Կոնգրեսում, Պետդեպում ու Պենտագոնում է:
Երեկ առավոտյան կապվել էի Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի հետ: Ընկերոջս` Արամ Համփարյանին ուղարկել էի ամերիկյան ուղղաթիռների վերաբերյալ նյութերը, որոնք հայտնվել են Բաքվում: Այո, արգելվում է ամերիկյան զենքի, ռազմական պարագաների, ինչպես նաև կրկնակի նշանակության, կամ պոտենցիալ ռազմական նշանակության վերածվող ցանկացած ապրանքատեսակի վաճառք հակամարտող կողմերին: Էլ չեմ ասում 907-րդ բանաձևը:
Չնայած Հայաստանից դեռ արձագանք չկա, հայ դատի գրասենյակը արդեն մտավ թեմայի մեջ: Ամերիկյան զենքը մեր զինվորներին երբեք չի սպառնացել ու չպետք է սպառնա»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվելու են գերժամանակակից համակարգեր, որի գոյության մասին քչերը գիտեն: Նրա խոսքով շքերթի ժամանակ կցուցադրեն նաև ամերիկյան Bell 412, MI-24 ուղղաթիռներ, MI35, KA-27 հարվածային համակարգեր:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հանդես է եկել կոչով: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն ՄքՔեյնին, բարձրաստիճան սենատոր Ջեք Ռիդին և մի շարք այլ կոնգրեսականների ուղղված նամակում ANCA-ի գլխավոր տնօրեն Արամ Համբարյանը խնդրել է «ԱՄՆ օրենսդրության հետ համապատասխանություն ապահովելու համար հստակ բացատրել օրենքով սահմանված բոլոր սահմանափակումները, գործադիր իշխանության արգելքները և այն քաղաքականությունն ու պրակտիկաները, որոնք վերաբերում են Ադրբեջանին ամերիկյան արտադրության զինամթերք վաճառելուն կամ փոխանցելուն»:
Նամակում նաև պահանջվում է պարզաբանել այսպիսի վաճառքների ու փոխանցումների դիտարկման գործընթացը, ներկայացնել անցյալում ու ներկայում իրականացվող վաճառքների ու փոխանցումների ցուցակը և Ադրբեջանին հնարավոր ապօրինի վաճառված կամ փոխանցված զինամթերքի վերաբերյալ ցանկացած հետազոտությունների վերաբերյալ թարմացումները:
«Ադրբեջանում ամերիկյան զենքի մասին լուրը լուրջ հասարակական ուշադրություն և Կոնգրեսի կողմից ուժեղ վերահսկողություն է պահանջում: Միանշանակ ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է Ադրբեջանի կատաղի հակահայկական ալիևյան ռեժիմի ձեռքից հեռու պահի ամերիկյան զենքերը»,- նշել է Արամ Համբարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը