21 06 2018

«Բարեգործության մասին» օրենքն ընդունվել է առանց փոփոխությունների. Վարչապետի մամուլի խոսնակ

«Բարեգործության մասին» օրենքն ընդունվել է առանց փոփոխությունների. Վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի, ինչպես նաև «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին «Արմենպրես»-ի հարցերին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր արտասահմանյան այցերը համաձայնեցրել է վարչապեի հետ, Եղոյանը նշել է.

«ՀՀ Սահմանադրության 146 հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ պետության արտաքին քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ Կառավարությունը և հետևաբար յուրաքանչյուր պետական պաշտոնյայի արտաքին քաղաքական գործունեություն պետք է համաձայնեցված լինի կառավարության, նրա ղեկավարի՝ ՀՀ վարչապետի հետ և տեղի ունենա նրա համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Հայաստանի Հանրապետության նախագահի՝ արտաքին քաղաքականության հետ առնչություն ունեցող այցերը պետք է դիտարկել հենց վերը նշված համատեքստում»:

Վարչապետի մամուլի խոսնակը անդրադարձել է նաև «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Նա պատասխանել է հետևյալ հարցին՝ թե փոփոխությունների նախագիծն ընդունվեց քննարկումների և կոմպրոմիսի միջոցով, ի՞նչ կոմպրոմիսների մասին է խոսքը:

«Տվյալ օրենսդրական փոփոխության գործընթացում կառավարության գործողությունների տրամաբանությունը որևէ փոփոխություն չի կրել և օրենքը ընդունվել է հենց այն բովանդակային իմաստով, ինչը նախատեսված է եղել ի սկզբանե: Համենայնդեպս կառավարությունը որևէ կոմպրոմիսի չի գնացել, որովհետև նման կոմպրոմիսի կարիք չի տեսել»,- ասել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ