06 06 2018

Մեր որոշումների համար «դաբրո» չենք ստանում ՀՀ իշխանություններից, դա չկա ու երբեք չի լինելու. Արայիկ Հարությունյան

Մեր որոշումների համար «դաբրո» չենք ստանում ՀՀ իշխանություններից, դա չկա ու երբեք չի լինելու. Արայիկ Հարությունյան

Հրաժարականի գլխավոր պատճառներից մեկը բարեփոխումներն են: Այս մասին հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, որը հրաժարականի մասին հայտնեց հունիսի 6-ին:

Նա ասաց, որ քանի որ ինքը ղեկավարում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը, պաշտոնը ժամանակի առումով խանգարում էր կատարելու այդ առաքելությունը:

«Այսօր ղեկավարում եմ կուսակցությունը, բայց պաշտոնս թույլ չի տալիս իրականացնել այն, ինչ ես ուզում եմ: Պառլամենտում այսօր ամենամեծ խմբակցությունը ունի մեր կուսակցությունը»,-ասաց նա և նշեց, որ նպաստելու են նախագահի կողմից իրականացվող բարեփոխմանը:

Ինչ վերաբերում է լուրերին, թե իր վրա ճնշում է գործադրվել, նա ասաց, որ դա միայն ծիծաղ է առաջացնում ընդամենը:

«Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջից, ես մասնակցել եմ երկրում տնտեսական բարեփոխման քաղաքականությանը, համարում եմ, որ ստացվել է և այն հիմքերը, որ դրել ենք ապահովելու են տնտեսական աճի բարձր տեմպեր մեր երկրում: Դեռ չի սպառվել իմ ռեսուրսը, չեմ պատրաստվում հրաժարվել քաղաքականությունից, շարունակելու եմ ղեկավարել կուսակցությունը: »-ասաց նա և նշեց, այսօր նոր երիտասարդ կադրեր են պետք:

Հարցին, թե ե՞րբ է առաջացել պաշտոնը թողելու միտքը, նա նշեց, որ քննարկումներ միշտ կային: «Այդ քննարկումները ոչ միայն այս վերջին ամսին են տեղի ունեցել, այլ նախագահի հետ պարբերաբար քննարկումներ եղել են կոնկրետ իմ հրաժարականի անհրաժեշտության մասին: Նման իրավիճակ ունեցել ենք 2012 թվականի ընտրություններից հետո, երբ ամբողջ հասարակությունը փորձեց թիրախ ընտրել ինձ, համարելով, որ երկրում բոլոր պրոբլեմներն իմ պատճառով են, և ես այն ժամանակ նախագահին ասել եմ` պատրաստ եմ հրաժարվել պաշտոնից, շարունակել ծառայել երկրում, այդ թվում՝ այն ժամանակ նախագահի թիմում»,-պատմեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ արձագանք է ստացել Հայաստանից՝ պաշտոնից ազատվելու իր դիմումի առումով, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ես շատ խորը հարգանք ունեմ Հայաստանի ներկա իշխանության նկատմամբ, ունենք բավականին ջերմ հարաբերություններ, պլանավորված այցելություն ունեի առաջին փոխվարչապետի հետ արտասահման, այսինքն՝ կապը կա, բայց չի նշանակում՝ մեր որոշումների մասին մենք հարցնում ենք կամ «դաբրո» ենք ստանում. դա չկա ու երբեք չի լինելու: Կադրային հարցերը և բարեփոխումների քաղաքականությունը, որ իրականացվում է, մեր ներքին գործն է »,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է Արցախի ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանն իրեն փոխարինի, ասաց, որ նման որոշում չկա: Միևնույն ժամանակ նա նշեց, որ միայն իր և մյուս երկու պաշտոնյաների հրաժարականներով չի սահմանափակվելու պրոցեսը: Սպասվում են կադրային նոր փոփոխություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ