25 05 2018

Ռուս պրանկերը՝ Փաշինյանի անունից Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի մասին



Մոտ 10 օր առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ հեռախոսազանգ է ստացել: Բրիտանիայի արտգործնախարարին զանգահարել են ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (կեղծանունը՝ Վովա) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեկսուս):

Կուզնեցովը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պատմել է տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասների մասին։

«Խոսակցության ժամանակ Ջոնսոնը դիվանագիտորեն էր խոսում, կարծում եմ՝ այն պատճառով, որ Հայաստանի վարչապետը նրան ծանոթ չէր, և նա հստակ չէր հասկանում, թե ինչպես իրեն պահի նրա հետ. նա կլինի Ռուսաստանի օգտին, թե դեմ: Մենք խոսեցինք 20 րոպե, քննարկեցինք Սկրիպալների գործը, Սիրիան, Իրանի հարցով միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը և վերջում մեր խոսակցությունը վերածեցինք շոուի»,- պատմել է Կուզնեցովը:

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը քննարկում է ռուս օլիգարխների դեմ նոր պատժամիջոցների հավանականությունը:

Պրանկերը պատմել է, որ նրանք կատակներ են արել Ջոնսոնի հետ՝ հիմնականում «բոլոր գործերին Ռուսաստանի միջամտության առնչությամբ բրիտանացիների ֆիքսվածության» շուրջ:

«Մենք որոշեցինք կատակներ անել դրա վերաբերյալ, և պատմեցինք Բորիսին, որ իբր Քսենիա Սոբչակը ժամանել է Մեծ Բրիտանիա և լեյբորիստներին նախագահ Պուտինից գումարներ բերել՝ ի հակակշիռ Թերեզա Մեյին: Նա դա լուրջ ընդունեց՝ ասելով, որ դա կարևոր տեղեկատվություն է և նա այն կփոխանցի հատուկ ծառայություններին: Այդ ժամանակ, ամեն ինչ կրկեսի վերածելու համար, մենք նրան ասացինք, որ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին Լեհաստանում նույնպես թունավորել են, բայց նա իր հետ հակաթույն է ունեցել՝ «Օպոխմել» անունով: Ջոնսոնը մի քանի անգամ կրկնեց այդ անունը, հասկացավ, որ մի բան այն չէ, և լռեց»,- պատմել է Կուզնեցովը:

Նրա խոսքով՝ Ջոնսոնի հետ նրանք կապվել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի տեղակալ Ալան Դունկանի օգնությամբ:

«Մենք հիանալի առիթ ունեինք՝ Հայաստանի նոր վարչապետ, որևէ դիվանագիտական հարաբերություններ դեռ հաստատված չեն, ահա մենք որոշեցինք սկսել ինքներս դրանք հաստատել»,- հավելել է Կուզնեցովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ