Մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր կադրային նշանակումների վերաբերյալ գնահատականներին, թե՝ նրանք անփորձ են:
«Իմ մասին էլ էին ասում, թե անփորձ է, կառավարման փորձ չունեցող: Մենք նոր էջ ենք բացում մեր երկրում: Կարծում եմ՝ կառավարության կազմը բալանսավորված է: Անփորձները նախարար լինելու մեջ են անփորձ, ոչ թե կյանքի և քաղաքական գործունեության մեջ, իսկ նախարարի գործունեությունը քաղաքական գործունեություն է»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարանը հավանություն կտա կառավարության գործունեության ծրագրին. «Չպետք է որևէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»:
Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետներին, նա ասաց. «Կքննարկենք, կարծում եմ՝ այս տարի»:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը