14 05 2018

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի և ԵՏՀ նախագահներին



Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:

Այս մասին հայտնում է կառավարության լրատվականը:

Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-մոլդովական հարաբերությունների մակարդակը և կարևորել հետագա զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը:  Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել երկկողմ տնտեսական փոխգործակցությանը և ընդգծել, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Մենք պետք է համապատասխան քայլեր իրականացնենք տնտեսական ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ առումով, կարևորում եմ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու առաջիկայում նիստի անցկացումը»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Մոլդովայում դեսպանություն բացելու ՀՀ կառավարության որոշումը վկայում է այն մասին, որ մեր երկիրը պատրաստ է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին:  Իգոր Դոդոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պատոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ պաշտոնավարման ընթացքում:

Մոլդովայի առաջնորդը նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը դինամիկ զարգանում է և հույս հայտնել, որ փոխշահավետ կապերը կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել:  Նիկոլ Փաշինյանը և Իգոր Դոդոնը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-մոլդովական համագործակցության օրակարգը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը` մինչ այժմ երկու երկրների միջև ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրերին ու պայմանագրերին ավելացնելով նորերը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ