«Գրանդ հոլդինգ» ընկերության ղեկավարներ Միքայել և Կարեն Վարդանյանները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.
««Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց և վայր դրեց պատգամավորի մանդատը:
Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու:
Մենք երբեք որևէ կուսակցության անդամագրված չենք եղել. մեր քաղաքականությունը մեր աշխատանքն է ու մեր պայքարը՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման: Մենք միշտ եղել ենք, կանք ու լինելու ենք ժողովրդի հետ: Մենք հպարտանում ենք մեր ժողովրդով, մեր երիտասարդներով: Մենք ողջունում ենք մեր քաղաքական գործիչներին, որ դրսևորեցին լրջագույն զսպվածություն, խոհեմություն և հայրենասիրություն: Ամբողջ հայությամբ ցնցեցինք աշխարհը մեր ժողովրդավարությամբ, մեր համախմբվածությամբ, մեր խաղաղասիրությամբ: Թո՛ղ այս օրերի ուրախությունը և ոգեշնչվածությունը երկար մնան մեր սրտերում: Փա՛ռք ազատ, արդար և հաղթական հայ ժողովրդին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը