Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ։ Մայիսի 9-ը վաղուց արդեն դարձել է մեր հերոս ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Պատմությունը մեկ անգամ չէ ապացուցել, որ տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի համար վճռորոշ պահերին մենք կարողացել ենք համախմբվել և պաշտպանել համազգային շահը, մեր հողն ու օջախը, ընտանիքն ու երեխաներին։ Մեր ժողովրդին դա հաջողվել է իր խիզախության ու արիության, հայրենիքի հանդեպ անսահման սիրո և նվիրվածության, իր միասնականության ու անսասան կամքի շնորհիվ:
Մենք միշտ հիշում ենք մեր հերոս հայրերի ու պապերի սխրագործությունները Մեծ Հայրենականում, մենք դաստիարակվել ենք նրանց օրինակով ու նաև այդ օրինակով էլ ոգեշնչված ազատագրել ենք Շուշին, հայկական հինավուրց բնակավայրերը և կերտել ազատ ու անկախ պետականություն: Մեր ժողովրդի հերոսական ավանդույթներն այսօր շարունակում է անկախության սերունդը, շարունակում է պատվով ու վստահորեն՝ հարստացնելով մեր տարեգրության հաղթական էջերը։
Թանկագի՛ն հայրենակիցներ, Այս տոնական օրը ես շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում: Թող մայիսյան նվիրական հաղթանակները միշտ ուղենիշ լինեն մեր ժողովրդի համար և տանեն դեպի նոր նվաճումներ ու ձեռքբերումներ։ Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը