02 05 2018

Մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է. Լևոն Տեր-Պետրոսյան

Մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Թեև Հայաստանում տիրող ալեկոծության համատեքստում ասածս կարող է մանրուք թվալ, սակայն չեմ կարող ուշադրություն չհրավիրել հետևյալ հանգամանքի վրա։ ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։

Հետևաբար մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին և Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է։ Ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում, իշխանության ձևավորման գործընթացում ամենակարևորը սահմանադրության և օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է։ Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, և թե՛ Հայաստանի շահերից։

Այլ կերպ ձևավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք այն բանի, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունության ու ներազգային համերաշխության ապահովման հարցում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ