«Այսօր մենք ընտրում ենք ոչ թե համաժողովրդական տրիբուն կամ լավ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, որը նախևառաջ պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ և քաղաքական հստակ գաղափարախոսությամբ: Կանխատեսելի նշանակում է հայեցակարգային հարցերում լինել հետևողական և անփոփոխ»,- ԱԺ հատուկ նիստի ելույթում ասաց Աշխորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ո՞վ է լինելու ձեր ընտրվելու պարագայում առաջն փոխվարչապետը, մյուսները, ԱԱԾ պետը, նախարարները, ո՞վ, պատասխան չկա…
Ընդամենը մի քանի ամիս առաջ դուք և «Ելք» խմբակցությունը պահանջում էիք իշխանություններից դուրս գալ ԵԱՏՄ-ից: Այսօր ասում եք՝ իրողություն է փոխվել: Կներեք, երբ մենք էինք խոսում իրողությունների փոփոխության մասին, դուք մեզ մեղադրում էիք ստախոսության մեջ: Կարծում եմ՝ առնվազն արդար չէ:
Արցախյան հիմնահարցում դուք որեւէ հայեցակարգ չեք ներկյացնում՝ ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը, այդ 7 շրջաններն ազատագրվա՞ծ են, թե՞ օկուպացված, դուք բացառում եք դրանց հանձնումը, թե՞ ոչ և առհասարակ որևէ բանակցություն դրա վերաբերյալ, ինչպես եք բանակցելու և այլն:
Ասում եք՝ ռազմական բյուջեն կավելացնեք, ինչպե՞ս, ես այդ հարցի պատասպանը չստացա:
Ես հույս ունեի լսել վարչապետի թեկնածուի հայեցակարգային ելույթ, բայց ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ ծրագրային ելույթի: Մենք ևս մտահոգ ենք մեր հայրենիքում առկա խնդիրներով: Մենք չենք ժխտում, որ մեր երկրում եղել է ու կա կոռուպցիա ու անարդարություն և անկախ նրանից, թե ով կլինի վաղվա իշխանությունը, մենք պետք է ոչ թե անորոշության, այլ քաղաքական երկխոսության միջոցով լուծենք այդ խնդիրները, ոչ թե խոսենք վերջնագրերով: Իմ գնահատականները բացառապես քաղաքական են, և այստեղ չկա որևէ անձնական վերաբերմունք: Պարոն Փաշինյան, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, դուք ինձ չհամոզեցիք: Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակի ելույթն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը