30 04 2018

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև ՀՅԴ խմբակցության հետ

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև ՀՅԴ խմբակցության հետ

Դաշնակցություն խմբակցության հետ հանդիպմանը խոսել ենք այս իրավիճակի հաղթահարման և փիլիսոփայության, մոտեցումների ու առաջնահերթությունների մասին և արձանագրել ենք, որ փոխադարձ ըմբռնում կա: Ապրիլի 30-ին ՀՅԴ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի դիրքորոշումը համընկնում է Դաշնակցության դիրքորոշման հետ, թեկնածուն պատասխանեց, որ այնպես չէ, որ ամեն ինչ 100 տոկոսով համընկնում է ու հավելեց.

«Մենք ընդհանրապես, կարծում ենք, որ արտահերթ ընտրությունները մի թեմա են, որ պետք է քաղաքական դաշտում ընդհանուր պատկերացումներ ձևավորվեն և դա չի կարող լինել էնպես, որ մի ուժի պատկերացումները պարտադիր լինեն մյուս ուժերի համար»։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Դաշնակցական պատգամավորների հետ հանդիպմանը կոալիցիոն համագործակցության և հետագայում կառավարությունում պաշտոններ ստանալու մասին հարցեր չեն քննարկվել։

«Սա մաքուր քաղաքական խոսակցություն է եղել իրավիճակի գնահատման և հաղթահարման ուղղությամբ և բոլորի մտահոգությունն ու ցանկությունն այն է, որ այս քաղաքական գործընթացում կուտակված պոզիտիվ էներգիան պետք է իր հետ բերի երկրի համար պոզիտիվ արդյունքներ», - հայտարարեց Փաշինյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ «Դաշնակցությունը» միշտ էլ միակամ է եղել ու վարչապետի պաշտոնում սատարելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Ըստ Ռուստամյանի՝ պետք է այնպիսի ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չեն հարուցի:

«Մենք խոսել ենք Փաշինյանի հետ, որ այս ամենի նպատակն ինքնանպատակ չէր, որ արտահերթ ընտրություններ լինեին հնարավորինս շուտ: Բոլոր փոփոխությունները պետք է կատարվեն, այն մեխանիզմները, որ ամրագրում ենք, որ վերահսկեն կեղծիքները, կաշառքները, պետք է կատարենք, ամրագրենք, ռեյտինգային համակարգը պետք է վերացվի»,-նշեց նա:

Արմեն Ռուստամյանը նաև հայտարարեց, որ «Դաշնակցությունը» պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի այսօր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ