«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում: Այդ մասին հանդիպումից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ ինչի՞ դիմաց են կողմ քվեարկելու, արդյո՞ք եղան պայմանավորվածություններ, Փաշինյանը պատասխանեց, թե նման թեմաներ չեն քննարկվում, ավելին՝ այս պահին նման հարցեր քննարկելն ինքը ճիշտ չի համարում:
«Նրանց մտահոգությունները նույնն են, ինչ բոլորինը՝ կապված երկրի ապագայի հետ: Անձամբ իմ թեկնածության հետ կապված մտահոգություն չունեն, հակառակը՝ մենք ֆիքսեցինք, որ այս ժամանակաշրջանը մեծ հնարավորություն է ՀՀ-ի համար, որ մեծ ճեղքում ունենանք, և երկիրը կարողանանք արագ, կայուն զարգացման ռելսի վրա դնել»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ բոլորի համար պարզ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ այս հարցը միանձնյա որոշման արդյունքում չի կարող լինել և ժամկետների հարցում քաղաքական ուժերի համաձայնությունն է հարկավոր:
Պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ևս հաստատեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը «մեկ մարդու նման կողմ է ժողովրդի թեկնածուին»: Նշենք նաև, որ հանդիպմանը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը