Մոսկվա մեկնած հայ պաշտոնյաների հետ բանակցություններն ուղղված էին հայաստանյան ճգնաժամի սահմանադրական կարգավորման անհրաժեշտության շուրջ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ բանակցություններ են անցկացվել գերատեսչությունների գծով, հեռախոսազրույց է կայացել (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև)։
«Այդ շփումը հիմնականում կենտրոնացած է եղել այն բանի շուրջ, որ Հայաստանում ծագած ճգնաժամային իրավիճակը պետք է շուտափույթ լուծվի, բնականաբար, սահմանադրություն շրջանակում, շահագրգիռ կողմերի միջև կոնսենսուս լինի»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ այժմ Մոսկվայում սպասում են Հայաստանի նոր վարչապետի ընտրությանը, որը մայիսի 1-ին կկայանա ԱԺ-ում։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Մոսկվա էին մեկնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը