Ապրիլի 27-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ասուլիսը լրագրողների հետ:
Նիկոլ Փաշինյանը բանակցությունների էր հրավիրել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, սակայն վերջինիս մերժեց առաջարկը՝ բանակցությունները համարելով անարդյունավետ:
Նիկոլ Փաշինյանն իր նշանակած ժամին այցելել էր բանակցությունների վայր և պտասխանեց լրագրողների հարցերին:
Ներկայացնում ենք որոշ մտքեր Նիկոլ Փաշինյանի պատասխաններից:
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունում կատարյալ անորոշություն է: Երեկ ու երեկ չէ առաջին օրը նրանք հայտարարում էին, որ պատրաստ են բանակցել առանց որևէ նախապայմանների: Բայց, ինչպես տեսնում եք, պարոն Կարապետյանի տեղը զբաղեցնում է իմ ուսապարկը:
Մայիսի 1-ին կանխորոշում եմ հարյուր հազարավոր քաղաքացիներ Երևանի փողոցում: Հայաստանի բոլոր քաղաքացիներին այս պահից կոչ ենք անում մայիսի 1-ին՝ առավոտյան ժամը 8-ին, լինել Երևանում և հեղեղել Երևանի փողոցները և հրապարակները:
Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բանակցային ուժերին: Եթե դա այդպես է իր հայրենիքի ներսում, ապա ինչպե՞ս է նա բանակցություններ վարելու դրսում Արցախի հարցում:
Երևի Կարեն Կարապետյանն ուզում է տպավորություն ստեղծել, որ աջակցություն ունի դրսում, բայց ես արդեն ասել եմ, որ սա միայն Հայաստանի ներքին գործն է և որևէ երկիր չի միջամտի:
Ես ակնկալում եմ, որ շուտով ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը կհստակեցնեն իրենց դիրքորոշումը և հանդես կգան հայտարարությամբ:
Եթե Կարեն Կարապետյանը կամ ՀՀԿ որևէ անդամ դառնա վարչապետ, ապա ՀՀ քաղաքացին իրեն հաղթող չի զգա:
Եթե որևէ մեկը մտածում է, որ մենք հետ քայլ ենք անելու, նա չարաչար սխալվում է, չի լինելու նման բան: Ավելին, մենք թույլ չենք տալու, որ ժողովրդի հաղթանակը նրա ձեռքից ինչ-որ մեկը խլի:
Խոսքը պաշտոնակռվի մասին չէ, այլ ճգնաժամը լուծելու մասին է հարցը:
Մենք կգտնենք պատգամավորների հեռախոսահամարները, կտարածենք ժողովրդի շրջանում, թող ժողովուրդը զանգի իր ընտրյալին, տեսակետ հարցնի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը