Այս օրերին երբ իրադարձությունները զարգանում են այնքան արագ որ մեկը դեռ չենք հասցնում մարսել, մյուսն է տեղի ունենում, իրադարձությունները վերլուծելը դառնում է ժամանակավրեպ: Մյուս կողմից էլ բոլորս այնքան լի ենք մտքերով, որ շարունակում ենք գոնե մոտ շրջապատներում վերլուծել, մտքեր փոխանակել, վիճել, թե որ պարագայում ինչ է լինելու, ով իրեն ինչպես պահեց, ինչ եղավ և ինչու:
Իհարկե, իրավիճակի որոշակի պարզվելուց հետո դեռ մանրամասն կանդրադառնանք կատարվածին՝ հետևություններ անելու և դասեր քաղելու համար, բայց մի բանի մասին չենք կարող չգրել՝ զարմանք առ «Օրինաց երկիր» կուսակցություն:
Վերջին երկու-երեք օրերին մի քանի կուսակցություն հայտարարում է Նիկոլ Փաշինյանի սկսած շարժմանը միանալու մասին, «Օրինաց երկիր»-ն էլ երեկ իր թիմակիցներին կոչ արեց դուրս գալ փողոց միանալ ժողովրդին:
Այս կուսակցության պարագան տարակուսելի է:
2008-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը, ինչի ակտիվ անդամն էր Նիկոլ Փաշինյանը, ՕԵԿ ղեկավարի` այն ժամանակվա նորընտիր իշխանության հետ պայմանավորվելու արդյունքում բեկանվեց (մեղմ ասած), Տեր-Պետրոսյանը նոր պաշտոն ստացած Արթուր Բաղդասարյանին անվանարկեց պաշտոնի հապավումով: Իսկ 2018թ. ապրիլի 25-ին, երեկ երբ ժողովրդական շարժումն իր գագաթնակետին էր, ՕԵԿ-ի ղեկավարն անձամբ դուրս եկավ փողոց՝ վերջին գնացքից ուշացողի ճիգերով:
Ամենահետաքրքիրը, սակայն, դա չէ, այլև՝ թե, օրինակ, ի՞նչ էին մտածում որոշում կայացնողները՝ միանալով հնարավորություն կունենան հեղափոխության իրագործումից հետո տե՞ղ ունենալ ապագա քաղաքական կոնյուկտուրայում:
Իսկ ի՞նչ պետք է շահի ժողովուրդն ՕԵԿ-ի արևելումից կամ նույնիսկ շարժմանը միանալուց:
Անհասկանալի է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը