24 04 2018

ՀՀԿ-ական որևէ թեկնածու չի լինի վարչապետ. Նիկոլ Փաշինյան

ՀՀԿ-ական որևէ թեկնածու չի լինի վարչապետ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում հանդիպեց արտասահմանյան լրատվամիջցների հետ:

Նա ասաց, որ իր նախաձեռնած քաղաքական շարժումն այսօր վայելում է բնակչության 90 տոկոսի և Սփյուռքի աջակցությունը, և ոչ ոք չի կարող ժողովրդից խլել այդ հաղթանակը: «Այդպիսի բան չի լինի, որ ՀՀԿ-ական որևէ թեկնածու լինի ՀՀ վարչապետ:  ՀՀ-ում ՀՀԿ  ժամկետը վերջացել է, ցանկացած փորձ՝ վերակենդանացնելու այդ կուսակցությունը, ոչ մի բանի չի բերի»,- ասաց Փաշինյանը: Ինչ վերաբերում է իր՝ վարչապետ դառնալուն, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես արդեն ասել եմ, որ եթե ժողովուրդը դնի նման պարտականություն, ես իհարկե կստանձնեմ այն: Ես հասկանում եմ, որ կա շատ հավանականություն, որ այդպես էլ կլինի»: Իսկ որ ՀՀԿ թեկնածուն չի լինի վարչապետ, դա իրենց առաջադրած օրակարգի երրորդ կետն է:

Հստակեցմանը, թե երաշխավորություն ունեցե՞լ են, որ ՀՀԿ-ն պատրաստ է հեռանալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ՀՀԿ-ից չունենք որևէ երաշխավորություն, մենք ունենք ավելի ուժեղ երաշխիք, և դա Հայաստանի ժողովրդի տված երաշխիքն է»:

Անդրադառնալով ժամանակավոր կառավարությանը, ասել է. «Կարծում եմ՝ ամենակարևոր ու միակ պատասխանատվությունը, որ ժամանակավոր կառավարությունը պետք է ունենա, դա արդար ժողովրդավար ընտրությունների անցկացումն է: Այս թավշյա հեղափոխությունը մեծ պոտենցիալ ու թիմ ունի դրան հասնելու համար: Բայց մենք կներառենք գուցե այլ գործիչների այլ ուժերից, նկատի ունեմ, օրինակ, քաղաքացիական հասարակությունից և այլն»,- ասաց նա: Հանրապետության հրապարակը, ըստ Փաշինյանի, դադար չի առնի, մինչև հեղափոխության գործընթացը չամբողջանա. «Մենք այսօր հնարավորություն ունենք մեկ ժամվա ընթացքում ցանկացած մարդաշատ միջոցառում անցկացնելու և մենք վայելում ենք ժողովրդի աջակցությունը»:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ հեղափոխության մեջ չկա. «Ես հույս ունեմ, որ աշխարհաքաղաքական ուժերը հասկանում են դա, այնպես որ մենք պատրաստ ենք խոսել Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունների, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-Վրաստան հարաբերությունների ապագայի մասին խոսել»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Փաշինյանն ասել է. «Բոլոր իշխանությունները միշտ էլ նույն պատասխանն են տալու ՌԴ-ի հարցում, այն է, որ ՀՀ-ի համար ՌԴ-ի հետ հարաբերությունները շատ-շատ կարևոր են: Կասկած չկա, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն եղբայրական, բարեկամական պետություններ են, բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություներում խնդիր չկա, մեր նպատակը չէ քննադատել, այլ խնդիրն է լուծել բանակցությունների, քննարկումների մեջ եղած խնդիրները, և ես վստահ եմ, որ այդ խնդիրները լուծվելու են»:

ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Փաշինյանն ասել է. «Նման կազմակերպություններից դուրս գալը կարող է իրականացվել միայն հանրաքվեի միջոցով, բայց ես արդեն ասացի, որ մենք չենք պատրաստվում որևէ կտրուկ աշխարհաքաղաքական շարժում կատարել: Մենք պատրաստվում ենք անել այն, ինչ համապատասխան է ՀՀ շահերին: Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների ժամանակը չէ»:

Հարցին՝ ինքն արևմտամե՞տ կողմնորոշմամբ քաղաքական գործիչ է, թե՞ պրոռուսական, Փաշինյանը պատասխանել է. «Ո՛չ, եթե ինձ որևէ մեկն անվանի արևմտամետ, դա թյուրըմբռնում կլինի, եթե ինչ-որ մեկն ինձ ռուսամետ անվանի, դա ևս թյուրըմբռնում կլինի, միակ ճշգրիտ ձևակերպումը մեր քաղաքական կողմնորոշման՝ դա բացառապես պրոհայկականությունն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ