21 04 2018

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ հրապարակում, ոչ էլ կառավարական հիմնարկում և՝ իր օրակարգով

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ հրապարակում, ոչ էլ կառավարական հիմնարկում և՝ իր օրակարգով

Ապրիլի 21-ի հանրահավաքի ժամանակ «Քայլ արա» նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իշխանության հետ բանակցությունների թեմային.

«Սերժ Սարգսյանն առավոտյան կոչով դիմել էր ինձ, որ նստենք-երկխոսենք: Ժողովուրդը դեռ նախորդ օրն էր հանրահավաքում տվել պատասխան՝ «ուշ ա»:

Հետո տարածվեց Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որ պատրաստ է հանդիպել ինձ հետ: 6:30 էր: Ես ասացի, որ ժամը 7-ին Հանրապետության հրապարակում սպասում եմ: Նա եկավ հրապարակ, ասաց, որ մտահոգ է իրավիճակով: Ես ասացի, որ էստեղի հավաքված ժողովուրդն էլ է մտահոգ վիճակով և գիտի լուծումը՝ Սերժ Սարգսյանի հեռացումն է:

Պարոն Սարգսյանն ասաց, որ հիմա ի՞նչ՝ դուք ասում եք, որ ընդհանրապես խոսելու, բանակցելու կարիք չկա՞: Ես ասացի, որ երեկ հանրահավաքում ես արտահայտել եմ դիրքորոշում, որ մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանության խաղաղ և անցնցում փոխանցման պայմանները: Եվ ես ասացի, որ այո, մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել:

Նա հարցրեց, թե ի՞նչ ֆորմատով են բանակցություններ լինելու: Ես ասացի, որ Դուք այս խնդրին կողմ չեք, ես Ձեզ հրավիրել էի հրապարակ: Ես չեմ կարող Սերժ Սարգսյանին հրավիրել հրապարակ, որովհետև վստահ չեմ, որ կարող ենք իրավիճակը կառավարել, եթե նա լինի հրապարակում:

Բնականաբար, ասացի, որ չենք կարող հանդիպումն անցկացնել նաև կառավարական որևէ շենքում:

Ասացի, որ բանակցությունը հնարավոր է որևէ չեզոք վայրում:

Ես հստակ արձանագրեցի, որ բանակցությունների միակ թեման լինեու է իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանությունն անցնցում փոխանցելու օրակարգը: Ուրիշ թեմա չի կարող մեզ համար լինել օրակարգային:

Ինչպե՞ս եմ պատկերացնում այդ պրոցեսը.

Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:

Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին՝ ում ժողովուրդը կընտրի այս հրապարակում

Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն:

Մաքսիմալ արագորեն օրենսդրական փոփոխություններով՝ ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենսգրքի փոփոխություններով ստեղծվում են երաշխիքներ, որ առաջիկանյում կարող են տեղի ունենալ ազատ, արդար, թափանցիկ խորհրդարանական ընտրություններ:

Քաղաքական պայմանավորվածության արդյունքում, օրենքով սահմանված ժամկետում ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, որից հետո այս գործընթացն այնքան է շարունակվում, որքան անհրաժեշտ է օրենքի ուժով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցացնելու համար:

Սա մեր զինանոցի միակ տարբերակը չէ: Կա «պլան բ», «պլան գ», որպեսզի բանակցություններում մանևրի տարբերակ ունենանք:

Բայց արձանագրենք՝ բանակցությունները կարող են լինել միայն Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանության անցնցում փոխանցման շուրջ:

Մենք դե ֆակտո, դե յուրե, թե քաղաքական առումով, թե բարոյական առումով ապահովել ենք բոլոր պայմանները Սերժ Սարգսյանի անցնում հեռացման համար»:

Ինչ վերաբերում է ապրիլի 22-ի բողոքի գործողություններին, ապա Նիկոլ Փաշինյանն այն կսկսի առավոտյան 11-ից՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում, բայց քաղաքացիներին կոչ արեց ամբողջ Երևանում և մարզերում շարունակել ակցիաները՝ ավելի լայն թափով՝ բանակցություններում ավելի ամուր լինելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ