21 04 2018

Բողոքի ցույցեր Հայաստանում՝ հանգստյան օրերին. Լուսանկարներ. Թարմացվում է

Բողոքի ցույցեր Հայաստանում՝ հանգստյան օրերին. Լուսանկարներ. Թարմացվում է

Ապրիլի 20-ի հանրահավաքում բողոքի ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 21-ին զանգվածային գործողությունները սկսում են առավոտյան 11-ից՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում փողոցների փակումով:

Նա կոչ արեց մարզերի բնակիչներին ևս նույն թափով շարունակել բողոքի գործողությունները:

Ինչ վերաբերում է իշխանության հետ երկխոսությանը, առաջարկեց իր օրակարգը.

  1. Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տալիս.
  2. ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին.
  3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն.
  4. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.

«Այս ծրագրի կետերը պատրաստ ենք քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովենք իշխանության խաղաղ, անցնցում փոխանցումը ժողովրդին: Բայց մեկ պայման ունենք. խորհրդարնական ընտրությունների արդյունքները, սակայն, պետք է ոչ մեկի համար կասկածելի չլինեն, պետք է լինեն 100 տոկոսով ազատ, արդար ընտրություններ»,- ասաց Փաշինյանը:

Ապրիլի 21-ի առավոտյան քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկեցին: Նոր Նորքի Դավիթ Բեկի փողոցի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հատվածը փակել են ցուցարարները։

Ցուցարարների թիվն առայժմ փոքր է, ոստիկաններինը՝ նույնպես:

***

Նշժենք, որ ապրիլի 20-ի երեկոյան՝ հանրահավաքին հաջորդած երթի ավարտից հետո, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակեց, թե ինչպես են ոստիկանները, ուժի գործադրմամբ, Ամիրյան–Զաքյան խաչմերուկից ոստիկանական մեքենա նստեցնում քաղաքացիներինտեղափոխում քաղաքացիներին։ Ականատեսներն էլ պատմել են, որ ոստիկանները հայհոյել են փողոցում ազդանշան տվող մեքենաների վարորդներին և սկսել են ուժ կիրառել։ Իրավապաշտպանների համաձայն, մայրաքաղաքի որոշ վայրերում հարձակումներ են եղել ազդանշան տվող ավտոմեքենաների վարորդների նկատմամբ:

***

10:47

Դարձյալ ֆեյսբուքյան էջում Փաշինյանը գրում է. «Տեղեկացա գիշերվա իրադարձությունների մասին։ Անհայտ անձինք՝ ջարդել են մեր շարժման մի շարք մասնակիցների ավտոմեքենաները։ Գաղափար ունեմ՝ ջարդված ավտոմեքենաներով ավտոերթ անել՝ արժանի հակահարված տալու համար։ Եթե գաղափարն ընդունելի է, առաջիկա ուղիղ եթերներում կոնկրետ ժամ եւ տեղ կառաջարկեմ»։

***

Սահակաշվիլիի կոչը

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է հայաստանյան ցույցերին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Շատ եմ մտահոգ Հայաստանում խաղաղության ու այդ շատ տաղանդավոր ու իմ կողմից սիրված ժողովրդի ապագայով։ Ես կոչ եմ անում ՀՀ իշխանությունների մեջ գտնվող իմ ընկերներին անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ ու լսել նրանց։ Ու, ընդհանրապես, քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային, և մոտ եղեք ձեր քաղաքացիներին, դրանից դուք միայն կշահեք»։ 

***  

Հեռո՛ւ մնացեք «գունավոր հեղափոխությունից. Սերժ Թանկյանի կոչը

Ամերիկյան System Of a Down հանրահայտ ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր պաշտոնական յութուբյան ալիքում անդրադարձել է Հայաստանում ընթացող հակակառավարական ցույցերին՝ ասելով.

«Խելացի կամքի տեր, եվ անուշիկ երիտասարդներ Հայաստանի, Ողջու՝յն Ձեզ։

Ես շատ կուզեի ձեզ միանալ Երեվանում, կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս եւ միտքս ամբողջովին ձեր հետն է։

Մինչեւ հիմա չեմ կարողացած այլ պատճառներով, բայց կհուսամ մոտ ատենից կառողանամ։

Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար:

Այս շարժումը իսկական է եւ այն լիովին ձերն է եւ պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։ Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ եւ հանդուրժողականությամբ։ Ես տեսնում եմ սերը ձեր աչքերի մեջ եւ ձեր սրտերում եւ ձեր դեմքերի ժպիտները, ինչպես ես արդեն տեսել էի երբ մենք 2015 թ-ին« բեմից ելույթ ունեցանք System of the

Downի հետ: Ես տեսնում եմ այն նաեւ ձեր բողոքի ցույցերում։ Սա յուրահատուկ բան է Հայաստանի համար, սա նոր մշակութային հեղափոխություն է, եւ դա է այսօր իսկական հեղափոխությունը Հայաստանում: Դուք փոխել եք ձեր մշակույթը, եւ դրա շնորհիվ արդեն հաղթել եք։ Դուք հասկացել եք, որ այս մշակույթի փոփոխությունը, այս մշակութային զարթոնքը եւ արդարության պահանջը մարդու հիմնական իրավունքներն են:

Իսկ այժմ ես ունեմ մի քանի խորհուրդ, եթե թույլ տաք։

Առաջին - հեռու մնալ “գունավոր հեղափոխության” տերմինաբանությունից, քանզի այն ընդհանրացվում է Արեւելք /Արեվմուտք առճակատման հետ։ Մեր պայքարը Արեվելքին կամ Արեվմուտքին կողմ կամ դեմ լինելը չէ, այլ այն արդարության եւ առաջադիմական փոփոխության համար է: Մենք չենք ուզում որեւէ կայսրության վասալ պետությունը լինել, մեզ պետք են լավ հարաբերություններ բոլորի հետ:

Երկրորդ - Ձեր պահանջները կոնկրետացրեք: Առաջարկում եմ պահանջել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ նաեւ հրաժարվի իր կուսակցության առաջնորդը լինելուց: Այնուհետեւ ես կպահանջեի բարեփոխումների փաթեթ, որը կզբաղվեր այն բոլոր

անարդարություններով, որոնք մեզ հայտնի են `կոռուպցիա, շրջակա միջավայրի աղտոտում, եւ այլ բաներ, ներկայացնելով հստակ ժամանակահատված նոր կառավարությանը դրանք իրականացնելու համար։ Եթե բարեփոխումները տեղի չեն ունենում, ապա ես ամսաթիվ կնաշանակեի ապագա նոր բողոքի ցույցերի համար, այս անգամ պահանջելով խորհրդարանի հրաժարականը եւ նոր խորհրդարանական ընտրություններ:

Երրորդ - Շարունակեք ձեր խաղաղ դիմադրությունը, խուսափեք սադրիչների թակարդներից, նրանք կստանան իրենց անարդարությունը, երբ նրանց ղեկավարները մի օր կազատվեն աշխատանքից, եւ նրանք ստիպված կլինեն գալ ձեր մոտ աշխատանք խնդրելու համար: Շարունակեք լինել ճկուն, արդար, անկեղծ եւ սիրող, շարունակեք ոստիկանության հետ վարվել եղբայրների եւ քույրերի պես, քանի որ նրանք այդիսին են իրականում։ 2015-ին Էլեկտրիկ Երեւանի բողոքի ընթացքում ես այնքան ոգեշնչված էի, որ գրեցի “Էլեկտրիկ Երեւան” երգը: Ես շուտով այն պատշաճ կերպով կթողարկեմ։ Այժմ, ես ձեր համար կկատարեմ մի փոքրիկ հատված երգի ցուցադրական տարբերակից: Ես սա նվիրում եմ ձեզ բոլորիդ Հայաստանում։ Սիրում եմ Ձեզ։ 

 

***

Բողոքի ցույցի են դուրս եկել Երևանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատողները:

***

Ոստիկանները թույլ չեն տալիս քայլերթ անցկացնել: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին ասաց, որ քաղաքացիները բողոքում են՝ չեն կարողանում ազատ տեղաշարժվել, գնալ հիվանդանոց: Ասաց, որ ստիպված կլինեն կարգի հրավիրել. «Հայհոյում են ոստիկաններին, քաղաքացիներին չեն թույլատրում ազատ տեղաշարժվելԴադարեցրեք քայլերթը և ոստիկաններին բախման մի տարեք: Դուք խանգարում եք նաև տրանսպորտի երթևեկությունը»:

***

Կան բերման ենթարկվածներ

Նոր Նորքում, որտեղ ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել և չի թողնում քաղաքացիներին քայլերթ անել, ոստիկաններն ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին մի քանի քաղաքացիների: Բերման ենթարկվածների թիվը դեռ հայտնի չէ:

***

Խուլիգանական մղումներով ազդանշան են տվել. Կան ձերբակալվածներ

2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք, ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշման պայմաններում շարունակում են հակաիրավական գործողությունները:

Գլխավոր դատախազության փոխանցմամբ, 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 10-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 01:30-ը Երևան քաղաքում կազմակերպված ապօրինի հավաքի մի խումբ մասնակից անձինք նախնական համաձայնությամբ խուլիգանական մղումներով՝ խեղաթյուրված ձևով դրսևորելով իրենց ինքնահաստատման պահանջմունքը՝ արհամարհելով վարքագծի համընդհանուր կանոնները, բարոյական և իրավական նորմերը, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, չենթարկվելով նշված հանցավոր գործողությունները դադարեցնելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, իրենց և հասարակության անդամների համար ակնհայտորեն կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը Երևան քաղաքում:

Մասնավորապես շուրջ 60  ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով, տևական ժամանակ անընդմեջ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշանների միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն  են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների՝ նաև գիշերային ժամերին խախտելով նրանց անդորրը, վերջիններիս համար ձևավորելով վախի և տագնապի մթնոլորտ:

Նկատի ունենալով, որ նշված արարքներում առկա են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու հանցագործության հատկանիշներ՝  ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել  է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին:

Ձերբակալվել է 3 անձ, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

***

Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին անհապաղ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ. Սերժ Սարգսյան 

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել Հայաստանում ընթացող բողոքի գործողությունների վերաբերյալ.

«Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու են մշտապես հարգել:  Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները և ստացել են անհարկի և անարխիկ դրսևորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետևանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը և վնասում Հայաստանի հասարակության բարդ և նուրբ ներդաշնակությունը: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում և հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության և հանդուրժողականության վրա: Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ:  Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձևավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը»:

***

Բողոքի ցույցեր՝ մարզերում

Արմավիրի մարզում՝ Էջմիածին քաղաքում, բողոքի ցույց է իրականացվում ավտոերթով: Ցույցի մասնակիցները կոչ են անում ժամը 18:00-ին Էջմիածնում նախատեսված հանրահավաքին մասնակցել:

Բողոքի ակցիաներ են իրականացվում նաև Գյումրիում, Մարտունիում:

***

Պաշտպանության նախարարության հայտարարությունը

«ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը մարտական հերթապահության իրականացման և զորքերի ծառայության ապահովման բնականոն աշխատանքի համար շաբաթվա յոթ օրը և օրվա ցանկացած ժամի իրականացնում է մշտական միջոցառումներ: Այդ աշխատանքները պետք է լինեն լիարժեք և որևէ բան չի կարող խոչընդոտել դրանց իրականացմանը: Հետևաբար հորդորում ենք զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՀՀ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նան ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց:

Ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է»:

***

Ոստիկանությունը հավաքի դադարեցման որոշում ունի

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասում է.

«2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել: Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից հրահանգվող անձինք պարբերաբար և կոպտորեն խախտում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ: 

Մասնավորապես, իրավասու մարմիններին պատշաճ կերպով տեղեկություններ չեն տրամադրել հավաքի վայրի, մասնակիցների սպասվող թվի, հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաների կամ տեխնիկական միջոցների, կարգադրիչների նախատեսվող թվի, իսկ երթի դեպքում՝ երթի ուղու և ժամանակացույցի վերաբերյալ, խոչընդոտել են հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, հավաքի ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պահանջի մասին չեն տեղեկացրել հավաքի մասնակիցներին: 

Ավելին, անօրինական հավաքների, ներառյալ՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հորդորել է հավաքի մասնակիցներին և այլ անձանց շրջափակել քաղաքի փողոցները, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել նշված, այդ թվում՝ հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ, կազմալուծել դրանց աշխատանքը: Նշված գործողությունների արդյունքում հավաքի կազմակերպիչները և մասնակիցները պարբերաբար և տևական ժամանակով փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, տրանսպորտային այլ հանգույցներ, արգելափակել են պետական, տեղական ինքնակառվարման մարմինների և մասնավոր կազմակերպությունների շենքերի մուտքերը, խոչընդոտել են դրանց բնականոն գործունեությանը, վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչեցրել անօրինական հավաքին չմիացած բազմաթիվ անձանց նկատմամբ, բռնություն են կիրառել ոստիկանության ծառայողների և այլ անձանց նկատմամբ:

Ատելություն և անհանդուրժողականություն սերմանող նման վարքագիծը հանգեցրել է քաղաքացիների միջև բախումների, բռնության՝ սպառնալով հասարակական անվտանգությանը: Հավաքի կազմակերպիչները շարունակում են հանդես գալ երթևեկությունը կաթվածահար անելու կոչերով, որին ի կատարումն՝ Երևանում և այլ քաղաքներում զանգվածային բնույթ են կրում հավաքների մասնակիցների կողմից տրանսպորտային միջոցներով և շրջիկ խմբերով երթևեկությունը տևական ժամանակով փակելու գործությունները:  ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:  «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

Ստեղծված իրավիճակում այլևս գերակա են դարձել այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները, քանի որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:  Ելնելով վերոգրյալից, ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանից և հավաքի մյուս փաստացի կազմակերպիչներից պահանջում է դադարեցնել Երևան քաղաքի բոլոր մասերում անցկացվող անօրինական հավաքները և այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքների մասնակիցներին:  Նախազգուշացնում ենք, որ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում հավաքը դադարեցնելու համար տրամադրվելու է ողջամիտ ժամկետ: Սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կցրի հավաքը:  ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Վալերի Օսիպյանը հավաքը դադարեցնելու պահանջն արդեն իսկ ներկայացրել է հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին»:

***

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Սերժ Սարգսյանին

«Իշխանության հետ քննարկման թեման կարող է լինել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Դրանից հետո կքննարկենք պայմանները։ Ընդ որում, այդ պայմանները պիտի ընդունելի լինի ոչ թե ինձ համար, այլ ժողովրդի համար»,- այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի՝ ակցիաներն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ հայտարարությանը:

***

15:30-ի դրությամբ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 84 քաղաքացի:

***

ԲՀԿ-ն երկխոսության կոչ է անում

«Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Տևական ժամանակ է շարունակվում են մեր հազարավոր հայրենակիցների ինքնաբուխ բողոքի ցույցերն ու հանրահավաքները: Երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծված բազմաթիվ հիմնահարցերը, արդարության և վստահության ճգնաժամը՝  մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների  բուռն դժգոհության և ընդվզման ալիք են բարձրացրել: Մեկ բան հստակ է՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ  քաղաքացու հանդեպ պետք է բացառել ուժի որևէ կիրառում: Բռնության ցանկացած դրսևորում կհանգեցնի այնպիսի անկանխատեսելի և վտանգավոր հետևանքների, որոնք անդառնալի վնաս կհասցնեն  Հայաստանի Հանրապետությանը: Ստեղծված  պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ: Լուծման ճանապարհ կարող է լինել երկխոսությունը:  Կոչ ենք անում  իշխանությանը և ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին հստակ ձևակերպված քաղաքական օրակարգով  սկսել  երկխոսություն ՝  ստեղծված իրավիճակը  հնարավորինս  անցնցում հանգուցալուծելու համար»: 

***

Բողոքի ցույցեր՝ տարբեր երկրներում

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում Հայաստանի դեսպանատների առաջ բողոքի ցույցեր են՝ ի պաշտպանություն Հայաստանում քաղաքացիական ընդվզումների:

***

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու երկրի ներկայի ու ապագայի վերաբերյալ. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայտարարություն է տարածել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, որի մեջ մասնավորապես ասված է. «Այս օրերին համայն հայության ուշադրությունը սևեռված է Երևանում և Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Արցախը չի կարող անտարբեր մնալ Մայր Հայաստանում ընթացող զարգացումների նկատմամբ և նույնպես հետևում է այդ ամենին: Հայրենիքի համար, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և որին ամեն վայրկյան սպառնում է նենգ թշնամին, ապակայունացման, ներքին համախմբվածության խարխլման ցանկացած փորձ վտանգավոր է և հղի վատագույն հետևանքներով, ինչը չի կարող չազդել անվտանգության, պաշտպանունակության և սահմաններում տիրող իրավիճակի վրա: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու երկրի ներկայի ու ապագայի վերաբերյալ:

Դա անքակտելի իրավունք է, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Սակայն, այդ իրավունքը պետք է իրականացվի բացառապես օրենքի սահմաններում՝ երբևիցե չմոռանալով, որ հայկական երկու պետությունների անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում է մեր ներքին կայունությունը: Սիրելի՛ հայրենակիցներ, Կոչ եմ անում բոլորիդ՝ անվերապահորեն հետևել օրենքի տառին ու ոգուն, վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով, ցուցաբերել զսպվածության և պատասխանատվության բարձր աստիճան: Մենք պետք է թույլ չտանք այնպիսի սխալներ, որոնց հետևանքները կարող են ճակատագրական լինել մեր ժողովրդի և հայոց ազատ ու անկախ պետականության համար, որը թանկ ու գերագույն արժեք է ամեն մի հայի համար՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

***

Պատրաստակամ եմ հանդի­պե­լու Նիկոլ Փաշինյանին. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին։ Դրանում մասնավորապես ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Իմ խոր անհանգստությունն եմ հայտնում Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման: Ուստի դիմում եմ բոլորին՝ մի պահ կանգ առնել և սթափ մտածել, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս դիմակայությունը: Սա քաղաքական կոչ չէ, այլ դիմում եմ ձեզ որպես ծնող, որպես բարեկամ և որպես հայ մարդ: Կոչ եմ անում բոլորին՝ ցանկացած քայլ անելուց առաջ հանդես բերել ծայրահեղ զսպվածություն և պատասխանատվություն, խստորեն հետևել օրենքի ոգուն և տառին, դուրս չգալ Հայաստանի քաղաքացու իրավունքների և պարտականությունների շրջանակից, դուրս չգալ ձեր պաշտոնական իրավասությունների շրջանակից:

Քաղաքական ցանկացած պահանջ, ինչքան էլ այն հիմնավոր թվա, եթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքը, դառնում է իմաստազուրկ: Ցավոք, մենք դրա փորձն ունենք և թույլ չպետք է տանք այն կրկնվելու: Չեն լինելու հաղթողներ և պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը: Անհրաժեշտ է պարպել լարվածությունը: Չպետք է թույլ տալ, որ կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել: Ուստի, պատրաստակամ եմ հանդի­պե­լու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քա­ղա­քա­կան ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով»:

***

18:25

Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ նախագահին

Արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե Արմեն Սարգսյանը ցանկանում է հանդիպել, թող ժամը 7-ին գա Հանրապետության հրապարակ, այստեղ զրուցենք»:

***

Արմեն Սարգսյանը եկել է Հանրապետության հրապարակ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու նպատակով: «Ես գնում եմ հրապարակ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին»,- լրագրողներին ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահը հրապարակ է եկել Աբովյան փողոցով քայլելով:

Նիկոլ Փաշինյանի հետ զրուցելիս Արմեն Սարգսյանը հանեց փողկապը:

***

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ հրապարակում, ոչ կառավարական հիմնարկում և՝ իր օրակարգով

Ապրիլի 21-ի հանրահավաքի ժամանակ «Քայլ արա» նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իշխանության հետ բանակցությունների թեմային.

«Սերժ Սարգսյանն առավոտյան կոչով դիմել էր ինձ, որ նստենք-երկխոսենք: Ժողովուրդը դեռ նախորդ օրն էր հանրահավաքում տվել պատասխան՝ «ուշ ա»:

Հետո տարածվեց Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որ պատրաստ է հանդիպել ինձ հետ: 6:30 էր: Ես ասացի, որ ժամը 7-ին Հանրապետության հրապարակում սպասում եմ: Նա եկավ հրապարակ, ասաց, որ մտահոգ է իրավիճակով: Ես ասացի, որ էստեղի հավաքված ժողովուրդն էլ է մտահոգ վիճակով և գիտի լուծումը՝ Սերժ Սարգսյանի հեռացումն է:

Պարոն Սարգսյանն ասաց, որ հիմա ի՞նչ՝ դուք ասում եք, որ ընդհանրապես խոսելու, բանակցելու կարիք չկա՞: Ես ասացի, որ երեկ հանրահավաքում ես արտահայտել եմ դիրքորոշում, որ մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանության խաղաղ և անցնցում փոխանցման պայմանները: Եվ ես ասացի, որ այո, մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել:

Նա հարցրեց, թե ի՞նչ ֆորմատով են բանակցություններ լինելու: Ես ասացի, որ Դուք այս խնդրին կողմ չեք, ես Ձեզ հրավիրել էի հրապարակ: Ես չեմ կարող Սերժ Սարգսյանին հրավիրել հրապարակ, որովհետև վստահ չեմ, որ կարող ենք իրավիճակը կառավարել, եթե նա լինի հրապարակում:

Բնականաբար, ասացի, որ չենք կարող հանդիպումն անցկացնել նաև կառավարական որևէ շենքում:

Ասացի, որ բանակցությունը հնարավոր է որևէ չեզոք վայրում:

Ես հստակ արձանագրեցի, որ բանակցությունների միակ թեման լինեու է իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանությունն անցնցում փոխանցելու օրակարգը: Ուրիշ թեմա չի կարող մեզ համար լինել օրակարգային:

Ինչպե՞ս եմ պատկերացնում այդ պրոցեսը.

Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:

Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին՝ ում ժողովուրդը կընտրի այս հրապարակում

Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն:

Մաքսիմալ արագորեն օրենսդրական փոփոխություններով՝ ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենսգրքի փոփոխություններով ստեղծվում են երաշխիքներ, որ առաջիկանյում կարող են տեղի ունենալ ազատ, արդար, թափանցիկ խորհրդարանական ընտրություններ:

Քաղաքական պայմանավորվածության արդյունքում, օրենքով սահմանված ժամկետում ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, որից հետո այս գործընթացն այնքան է շարունակվում, որքան անհրաժեշտ է օրենքի ուժով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցացնելու համար:

Սա մեր զինանոցի միակ տարբերակը չէ: Կա «պլան բ», «պլան գ», որպեսզի բանակցություններում մանևրի տարբերակ ունենանք:

Բայց արձանագրենք՝ բանակցությունները կարող են լինել միայն Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանության անցնցում փոխանցման շուրջ:

Մենք դե ֆակտո, դե յուրե, թե քաղաքական առումով, թե բարոյական առումով ապահովել ենք բոլոր պայմանները Սերժ Սարգսյանի անցնում հեռացման համար»:

Ինչ վերաբերում է ապրիլի 22-ի բողոքի գործողություններին, ապա Նիկոլ Փաշինյանն այն կսկսի առավոտյան 11-ից՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում, բայց քաղաքացիներին կոչ արեց ամբողջ Երևանում և մարզերում շարունակել ակցիաները՝ ավելի լայն թափով՝ բանակցություններում ավելի ամուր լինելու համար:

***

Շառլ Ազնավուրի կոչը

Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ։ «Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է։ Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։ Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը՝ հավատարիմ մնալով մեզ համար այդքան կարևոր մարդասիրական ու ժողովրդավարական արժեքներին։ Մեծագույն ցանկությունս է, որ հայ երիտասարդները գտնեն իրենց տեղը և կայանան զարգացած ու խաղաղ Հայաստանում»։

***

Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն առավոտյան կհանդիպեն

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ հայտնեց հետևյալը. «Վաղը առավոտյան տեղի կունեան իմ և Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման շուրջ»։

 

Նախորդ օրվա իրադարձությունների ժամանակագրությունը՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ