20 04 2018

Ալեքսանդր Լապշինը՝ Հայաստանյան իրադարձությունների, Բաքվի բանտում տեսածի և անելիքների մասին

Ալեքսանդր Լապշինը՝ Հայաստանյան իրադարձությունների, Բաքվի բանտում տեսածի և անելիքների մասին

Հայտնի իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այս օրերին Հայաստանում է: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ Հայաստանից անմիջապես մեկնելու է Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ, իր նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության մասին պատմելու:

«Պատմելու եմ, թե ինչպես վերջին օրը՝ մայրիկիս ծննդյան օրը՝ սեպտեմբերի 10-ին, նրանք բանտախցում հարձակվեցին ինձ վրա, ծեծեցին, ջարդեցին ատամներս, հետո, երբ ես անգիտակից վիճակում էի, ինձ վրա գոտի ամրացրին և կախեցին զուգարանում, որ հետո լրատվամիջոցներով տարածեն, թե ես ինքնասպանության եմ դիմել: Նրանք դա հատուկ էին արել, մայրիկիս ծննդյան օրն էր: Դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համաներման որոշումը, և ամբողջ ներկայացումը»,- պատմեց Լապշինը:

Ադրբեջանում հայտնվելով` Լապշինի խոսքով, ինքը հասկացել է, որ այն դաժան, տոտալիտար երկիր է՝ ղեկավարվող կլանների կողմից, որոնք, ինչպես շները, իրար «գզվռտում են» նավթի համար:

«Ես հասկանում եմ, որ նրանք ցանկանում էին ինձ օգտագործել իրենց ներքին խնդիրները լուծելու համար: Հատկապես Իլհամ Ալիևն է իր իմիջի համար ինձ օգտագործել, փորձեց ցույց տալ, որ ինքը ուժեղ լիդեր է, որ կարող է չհարգել Ռուսաստանին, Իսրայելին և Եվրամիությանը»,- ասաց նա:

Ալեքսանդր Լապշինն իր կարծիքը հայտնեց նաև Հայաստանում այս օրերին տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ: Նշեց, որ այստեղ ուկրաինական «մայդան» չէ:

«Չեմ տեսել որևէ բռնություն այստեղ, չնայած, գիտեմ, որ կան նաև տուժածներ, որոնք հիվանդանոցներում են: Ես տեսնում եմ, որ մարդիկ ցանկանում են փոփոխություն: Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ ես ինչ-որ մեկին պաշտպանում եմ: Դեռ հակառակը` ցանկանում եմ անձնապես շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, որը Բելառուսի դեսպանատան մոտ հանդես է եկել ի պաշտպանություն ինձ»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ