18 04 2018

Բելառուսն «Իսկանդեր»-ին չզիջող զենք է վաճառում Ադրբեջանին

Բելառուսն «Իսկանդեր»-ին չզիջող զենք է վաճառում Ադրբեջանին

2018-ին Բելառուսը մտադիր է կատարել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտահանման առաջին պայմանագիրը: Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Արտահանվելու է 10 այդպիսի համակարգ, որոնց հավանական պատվիրատուն Ադրբեջանն է: Աղբյուրը նաև նշում է, որ այդ պայմանագիրը բացասաբար կընդունվի Հայաստանում, սակայն այնտեղ եղած «Իսկանդերները» պետք է զսպող դերակատարություն ունենան:

Ադրբեջանի Պն ղեկավարն ավելի վաղ արդեն այցելել է Բելառուս, որտեղ ծանոթացել է «Պոլոնեզների» արտադրության տեխնոլոգիային:

Այն մասին, որ «Պոլոնեզների» առաջին առաքումն արտերկիր կարող է արդեն 2018-ին կայանալ, «Կոմերսանտին» պատմել է Բելառուսի ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրը: Իրավաբանական փաստաթղթերը եզրափակիչ փուլում են, իսկ պատվիրատուն «ավարտում է լուծել իր ֆինանսական խնդիրները»,- ասել է թերթի զրուցակիցը՝ հավելելով, որ Մինսկի կողմից վարկի տրամադրման մասին խոսք չկա: Պատվիրատուի անունն աղբյուրը հրաժարվել է հայտնել, սակայն ձեռնարկության 1-2 մենեջեր ասել է, որ խոսքն Ադրբեջանի մասին է: Երկրի ԱԳՆ-ն չի մեկնաբանել այդ տեղեկությունը:

«Կոմերսանտի» ռազմական դիվանագիտական աղբյուրը կարծում է, որ պատրաստվող պայմանագիրը կարող է դիտարկվել որպես «Ադրբեջանի ուշացած պատասխանը ՌԴ կողմից Հայաստանին «Իսկանդերների» մատակարարմանը: Աղբյուրը հիշեցրել է, որ դեռ 2016-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը սպառնացել էր «ավերիչ հարված» հասցնել Ստեփանակերտին, սակայն «Իսկանդերների» առաքումը ՀՀ-ին ստիպեց Ադրբեջանին հրաժարվել այդ պլաններից:

Թերթը նաև նշում է, որ «Պոլոնեզ» ծրագրի իրագործումը սկսվել է 2012-ից՝ Բելառուսին «Իսկանդեր» համակարգերի մատակարարման շուրջ Մոսկվայի և Մինսկի միջև ծագած տարաձայնությունների ֆոնին: Չստանալով ցանկալին՝ Լուկաշենկոն հանձնարարեց ստեղծել սեփական համակարգը, որը չի զիջում «Իսկանդերին»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը մաս են կազմում ՀԱՊԿ ռազմաքաղաքական-պաշտպանական կառույցին, որին անդամակցում է նաև Հայաստանը, միաժամանակ՝ երկուսն էլ զենք են վաճառում Ադրբեջանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ