ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելու՝ ՀՀԿ խորհրդի որոշման կապակցությամբ.
«Վերահաստատելով 2016թ.-ի փետրվարի 24-ին կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրով և 2017թ. մայիսի 11-ին քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ամրագրված ռազմավարական նպատակներին և քաղաքական առաջնահերթություններին իր հավատարմությունը`
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը։
Նոր սահմանադրությամբ սկսված համակարգային փոփոխությունները արդեն իսկ որոշակի դրական սպասումներ և որակական տեղաշարժեր են արձանագրել։ Թեև մեր երկրում առկա են բազմաթիվ լրջագույն մարտահրավերներ և լուծում պահանջող խնդիրներ, սակայն վերջին երկու տարվա ընթացքում արձանագրված որոշակի հաջողությունները հուսադրում են, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։
Պետական և հասարակական կյանքում բեկումնային փոփոխություններ կատարելու ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկելու հասարակական պահանջ և ակնկալիք է ձևավորվել, ինչը պարտավորեցնում է բոլորիս։
Մենք գիտակցում ենք, որ հանձնառություն և պատասխանատվություն ենք ստանձնել նոր որակի իշխանություն ձևավորելու, հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, առաջանցիկ զարգացում, սոցիալական արդարություն, մրցակցային հավասար պայմաններ ապահովելու հարցում և վստահ ենք, որ հաջողելու ենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը