ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում կրքրեը թեժանում են: Դոնալդ Թրամփը Ռուսաստանին նախազգուշացնող կոչից հետո Twitter-ի իր էջում գրել է, որ երբեք չի ասել, թե կոնկրետ երբ է Սիրիային հարված հասցնելու:
«Ես չեմ ասել, թե երբ է լինելու Սիրիայի հարձակումը: Միգուցե, դա տեղի ունենա շատ շուտով, իսկ հնարավոր է՝ այդքան էլ շուտ չէ: Ամեն դեպքում ԱՄՆ-ն իմ վարչակազմի գոյության ընթացքում հսկայական աշխատանք է տարել տարածաշրջանում ԻՊ-ին ոչնչացնելու համար: Ո՞րտեղ է ձեր «Շնորհակալություն, Ամերիկա»-ն» -գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ավարտվեց ժամկետը, որի ընթացքում ԱՄՆ նախագահը խոստանում էր Սիրիային հարվածելու մասին որոշում ընդունել: Այն չհնչեց, սակայն Թրամփը զգուշացրեց Ռուսաստանին, որ հրթիռներ կարձակվեն, այն էլ խելացի հրթիռներ:
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, մեկնաբանելով սպառնալիքները, նշել է.
«Խելացի» հրթիռներ միայն մենք ունենք: Մենք ունենք ՀՕՊ լավագույն համակարգերը»,- ասել է Ռոգոզինը լրատվամիջոցին՝ նշելով, որ Ռուսաստանը չի վախենում ամերիկյան հրթիռներից:
Իսկ ահա Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնի հավակնորդ Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի մեղմ քաղաքականության ժամանակաշրջանը կավարտվի:
Երկուստեք հայտարարարությունների արդյունքում ռուս-ամերիկյան հարաբերությունների կտրուկ սրացումն ու ռազմական բախման վտանգը դարձել են միջազգային քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաները:
Ստեղծված իրավիճակին անդրադարձել է գերմանական Der Spiegel պարբերականը, որի թղթակից Շտեֆան Կուզմանին կարծում է, որ Թրամփի թվիթերյան հայտարարությունն անպատասխանատու է, քանի որ կարող է երկու տերությունների միջև պատերազմի պատճառ դառնալ: Պարբերականը նաև նշում է, որ Թրամփի քայլը պետք է հստակ նպատակադրված լինի, քանի որ Սիրիայի մարտադաշտում կան բազմաթիվ «խաղացողներ», ու պետք է հստակ ցույց տալ՝ ում դեմ է ուղղված պատժիչ գործողությունը:
Իսկ ահա Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը 21-րդ եվրասիական տնտեսական գագաթնաժողովի ժամանակ, անդրադառնալով իրավիճակին, այն որակել է որպես փողոցային կռիվ:
«Իբր ի՞նչ է նրանց այս արածը: Գրառումներ են անում, սպառնում միմյանց։ Հիմա մրցակցության ժամանակը չէ։ Հիմա ժամանակն է, որ վերքերը բուժվեն։ Ժամանակն է, որ ձեռք ձեռքի տալով ապահովեն Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունն՝ առանց երկակի չափանիշների կիրառման։ Ժամանակն է նաև, որ այլևս տարբերություն չդրվի ահաբեկչական խմբավորումների միջև և պայքար մղվի նրանց բոլորի դեմ։ Թուրքիան հենց դա էլ անում է»,- ասել է Յըլդըրըմը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը