Հայաստանի հանրապետական կուսակցությունը շաբաթ օրը կուսակցության խորհրդին է առաջարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ ԳՄ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված: Քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում: Բոլորն ընդունեցին այն առաջարկը, որն արվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից նախօրեին, և մենք որպես Գործադիր մարմին, ՀՀԿ խորհրդի նիստին շաբաթ օրը կներկայացնենք վարչապետի թեկնածուին: Պարզ է, թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն՝ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Այլ թեկնածուի անուն չի էլ հնչել»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ գործադիր մարմնի անդամներն ամփոփել են նախագահ Սերժ Սարգսյանի 10 տարիների կառավարման արդյունքները: «Այդ 10 տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց միևնույն ժամանակ պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ: Դժվար է գերագնահատել պարոն նախագահի ներդրումը, Հայաստանի ամրապնդման գործում»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը