Արցախի պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներին հորդորում է ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները տարածելու գայթակղությունից:
«Համոզված եղեք, որ պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը: Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որ մեր կողմից տեղեկատվության «ուշացումով» տարածումը պայմանավորված է պատահարի իրական պատճառները ճշտելու, կատարվածի մասին ծնողներին իրազեկելու (որպեսզի վերջինները դեպքի մասին չտեղեկանան համացանցից) և մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներով:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կոչ է անում լրատվամիջոցներին ըմբռնումով ընդունել մեր հորդորը և հետեւել պաշտոնական տեղեկատվությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հակառակորդի կրակոցից ապրիլի 9-ին ցերեկը զոհվել է ժամկետային զինծառայող Նարեկ Հարությունյանը, սակայն Արցախի ՊՆ լրատվականն այդ մասին հաղորդագրություն տարածեց երեկոյան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը