Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշինքի, ռազմավարական գործընկերության հարաբերություններն են: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախարարը հատկապես կարևորել է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ նշելով, որ այն հզոր լրացուցիչ խթան է հաղորդել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությանը:
«Բավական է ասել, որ անցյալ տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2016-ի համեմատ ավելացել է ավելի քան 30 տոկոսով՝ հասնելով, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 1 միլիարդ 750 միլիոն դոլարի: Սա շատ մեծ գումար է՝ չհաշված այն փաստը, որ ռուսական մասնակցությամբ հարյուրավոր ընկերություններ՝ կա՛մ ռուսական, կա՛մ հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ, աշխատում են Հայաստանի Հանրապետությունում և նպաստում են մեր կապերին և մեր դաշնակցի տնտեսությանը»,- ասել է Լավրովը:
Խոսելով երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին՝ Լավրովը հարաբերությունները ավանդական սերտ է անվանել:
Լավրովն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը: Մասնավորապես,նա նշել է, որ Հայաստանն իր գործընկերներին իր օրինակով ցույց է տալիս, որ գործնականում ամենևին էլ անիմաստ չէ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով:
«Սա շահեկան և շահավետ քաղաքականություն է տվյալ երկրի համար: Չի կարելի հետսովետական տարածքում գտնվող երկրներին կեղծ ընտրության առջև դնել՝ կա՛մ Արևմուտքի, կա՛մ Ռուսաստանի հետ»,- նշել է Լավրովը:
«Որպեսզի ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի և ոչ էլ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի մյուս անդամների իրավունքները չխախտվեն, որպեսզի իրենց շահերը չտուժեն, անշուշտ, չափազանց կարևոր է, որպեսզի Եվրամիությունը հրաժարվի արատավոր տրամաբանությունից, որն արդեն հանգեցրել է Ուկրաինայում 2014 թվականի իրադարձություններին»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովն ընդգծել է, որ լավատեսորեն է վերաբերվում ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև հարաբերությունների ապագային:
«Թեև այս ապագան շուտ չի սպասվում, սակայն կյանքը մեզ աստիճանաբար կստիպի ընդառաջ գնալ միմյանց: Համոզված եմ, որ Հայաստանի ներկայացուցիչը՝ Տիգրան Սարգսյանը, որը ղեկավարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, կաջակցի առաջխաղացմանն այս ուղղությամբ»,- ասել է Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտաքին գործերի նախարարը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նշելով, որ հակամարտության կարգավորումը իրենց առաջնահերթություններից է:
«Բանակցություններում առաջընթաց գրանցելու համար ղարաբաղյան հակամարտության կողմերին անհրաժեշտ է հրաժարվել միմյանց նկատմամբ անվստահությունից՝ միևնույն ժամանակ կիրառելով 2011թ. Կազանյան գագաթնաժողովում մշակված փաստաթուղթը: Այն տարիներին մշակված դրույթներից ոչինչ, կարծում եմ, չի կորել: Այս ընթացքում, իհարկե, որոշակի նոր մտքեր են առաջացել, որոնք համանախագահներն այժմ քննարկում են կողմերի հետ բանակցություններում»»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը