30 03 2018

Ռուսաստանի դիվանագիտական պատերազմն աշխարհի հետ շարունակվում է

Ռուսաստանի դիվանագիտական պատերազմն աշխարհի հետ շարունակվում է

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սկրիպալի գործով Արևմուտքի գործողություններին Ռուսաստանի պատասխան քայլերը կլինեն «հայելային»։ Բայց Ռուսաստանը միայն դրանով չի սահմանափակվի:

Համաձայն Дождь-ի, Լավրովը հավելել է, որ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրվել է նախարարություն և ծանոթացել ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան քայլերին: «Դրանք ներառում են նույն թվով դիվանագետների արտաքսում և մեր որոշումը՝ հետ կանչել Սանկտ պետերբուրգում գլխավոր հյուպատոսություն տեղակայելու համաձայնությունը»,- հայտարարել է Լավրովը:

Ապրիլի 2-ին Ռուսաստանը ցանկանում է Քիմիական զենքի արգելող կազմակերպության գործադիր խորհրդի նիստ հրավիրել, որտեղ կներկայացնի կոնկրետ հարցեր, որոնք բազմիցս բարձրացվել են և կփորձի նորմալ խոսակցություն ծավալել և «հաստատել ճշմարտությունը»:

«Ես ակնկալում եմ, որ մեր արևմտյան գործընկերները չեն խուսափի ազնիվ խոսակցությունից, հակառակ դեպքում դա կլինի հաստատում այն մասին, որ այս ամենը սադրիչ նախաձեռնություն է»,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Սկրիպալն ու նրա դուստրը մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Սոլսբերիի կենտրոնում: Բուժզննման արդյունքում պարզվել էր, որ նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդակաթվածային գազով։

Եվրամիության 16 երկիր, ՆԱՏՕ-ի անդամ 24 երկիր և այլ երկրներ միացել են Մեծ Բրիտանիային և տեղեկացրել են ռուս դիվանագետների արտաքսման մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ