23 03 2018

Մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք. Սերժ Սարգսյան

Մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը: 

Մինչ այդ Հանրապետության Նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է մարտի 23-ից այսօրվանից Գագիկ Հարությունյանի անունը կրող՝ իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով և մասնագիտական ձեռնարկներով հարուստ ՍԴ գրադարանի գործունեությանը, որը նախատեսված է ոչ միայն ՍԴ անդամների ու աշխատակազմի աշխատակիցների, այլ նաև իրավաբանությամբ զբաղվող անձանց և ուսանողների համար: ՍԴ նախագահը նշել է, որ նախատեսում է թվայնացնել գրադարանը և նոր տեխնոլոգիաների շնորհիվ այն ավելի հասանելի դարձնել օգտվողների համար: 

Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անվամբ ՍԴ նիստերի սրահը անվանակոչելու արարողության ժամանակ Հանրապետության Նախագահն իր ողջույնի խոսքն է հղել ներկաներին:

«Ինչպես բազմիցս ասել եմ՝ մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք: Դրա լուծումը մեկ մարդու կամ առանձին կառույցի խնդիր չէ: Դա բոլորիս խնդիրն է՝ այն մարդկանց խնդիրը, ովքեր որոշել են մասնակից լինել պետականաշինության դժվարին, բայց պատվաբեր գործին:

Մենք ունենք հանրային ընկալման խնդիր, մեր կատարած աշխատանքը հանրությանը ճիշտ փոխանցելու և ներկայացնելու խնդիր: Այստեղ ևս դեռ շատ մեծ անելիքներ կան: Համոզված եմ, որ Սահմանադրական դատարանը, ինչպես նաև նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդն ամեն ինչ կանեն Հայաստանում արդարադատության որակը բարձրացնելու, բայց որ պակաս կարևոր չէ՝ նաև ընկալման մակարդակը բարձրացնելու համար»,- ողջույնի խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հաղորդագրությունն ամբողջությամբ և լուսանկարները՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ