22 03 2018

Հայաստան-ԵՄ համաձայնագրի առանձին դրույթներ կարող են ուժի մեջ մտնել. Շավարշ Քոչարյան

Հայաստան-ԵՄ համաձայնագրի առանձին դրույթներ կարող են ուժի մեջ մտնել. Շավարշ Քոչարյան

Մարտի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վիզաների ազատականացման հարցին և ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին Կառավարության հավանության տալուն և ԱԺ վավերացմանն ուղարկելուն: Փոխնախարարը նշեց, որ մեզ մոտ տենդենցն այն է, որ գնալով ավելի դյուրին է դարձվում վիզաների ռեժիմը:

Ինչ վերաբերում է ԵՄ-ՀՀ համաձայնագրի վավերացմանը ԱԺ-ի կողմից և վիզայի ազատականացման գործընթացին Շավարշ Քոչարյանը նշեց, որ վավերացումից հետո դեռ պետք է ծանուցեն, ծանուցելուց հետո կա հնարավորություն, որ այդ համաձայնագրի որոշակի հատվածներ սկսեն գործել, ինչը նաև բխում է պայմանագրից: Շավարշ Քոչարյանը վստահեցրեց, որ ինքնին ժամանակավոր կիրարկումն ավելի դյուրին կդարձնի այն բանակցությունները, որոնք վարվում են վիզաների ազատականացման հարցում: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա փոխարտգործնախարարն ասաց, որ  չի կարող ժամկետներ նշել, քանի որ տարբեր հանգամանքներից է կախված: Քոչարյանը նշեց, որ նախնական գործող դրույթները բազմաթիվ են:

«Ըստ էության՝ գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հատվածներ կան: Խնդիրը վերաբերում է նրան, որ ԵՄ-ի կենտրոնական մարմինը ունի որոշակի լիազորություններ, որ ինքը ինքնուրույն իրականացնի, այ այդ հատվածներն են: Այսինքն՝ դա պայմանավորված է այն հարաբերություններով, որոնք կան ԵՄ-ի հետ, թե որքանով է այդ ապարատն ինքնուրույն, իսկ այդ ինքնուրույնությունը վերաբերում է ցանկացած ոլորտի որոշակի  հատվածներին»,-ասաց նա: Հարցին, թե Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածությունը կարող է ազդեցություն ունենալ գործընթացին, նա ասաց, որ այդպիսի հավանականություն չի տեսնում:

«Նույն Եվրոպական Միությունը շատ կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ առաջին պետությունն է, որն այդպիսի խոր համագործակցության է գնում ԵՄ-ի հետ՝ բնականաբար, պահպանելով մեր պարտավորությունները ինտեգրացիոն միավորումներով»,- ասաց նա: Քոչարյանը գրեթե անհավանական համարեց, որ ԵՄ անդամ երկրներից մեկը, օրինակ՝ Հունգարիան, ում հետ հարաբերություններ չունենք, խոչընդոտի գործընթացին:

«Այն պետությունը, որը որ շահագրգիռ չէր, դա նա կարող էր անել մինչ ստորագրումը, իսկ ինքնին որ ԵՄ-ն ստորագրել է, դա նշանակում է, որ բոլոր անդամ երկրների կողմից եղել է համաձայնություն»,- ասաց նա:

Շավարշ Քոչարյանն ասաց, որ վիզաների դյուրականացումն անընդհատ գործընթաց է, առանձին պետությունների հետ աշխատում են: «Մենք պետք է հաշվի առնենք, թե բարդությունները պայմանավորված են այն իրավիճակով, որը ձևավորվել է Եվրոպայում միգրանտների հոսքերի հետ կապված, և շատ ավելի զգուշավոր են վերաբերվում նմանատիպ հարցերին եվրոպական պետությունները, բայց մենք դա խոչընդոտ չենք համարում և բանակցությունները շարունակում ենք»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ