18 02 2025

Փողոցային մահապարտներից կայուն կառավարման համակարգ հնարավոր չէ ունենալ. Ստեփան Դանիելյան

Փողոցային մահապարտներից կայուն կառավարման համակարգ հնարավոր չէ ունենալ. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է

«Մի դեստրուտիվ թեզ է շրջանառվում, թե Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ: Այսինքն, կոչ է արվում իշխանությունը փոխել փողոցային ընդվզումով:

Հաջորդ հիմար թեզն այն է, որ փողոցային ընդվզումով կարող են իշխանափոխություն իրականացնել միայն մահապարտները, որոնք ոչինչ կորցնելու չունեն, այդ թվում նաև ինքզինքը:

Մի կողմ թողնենք այն, որ, կարծես թե նման մահապարտներ, հատկապես այդ թեզը տարածողների շրջանում, կարծես թե չկան, նաև՝ չկա նման իշխանափոխության մեթոդոլոգիա: Անգամ Գլխավոր Շտաբը ՛՛պոտչը՛՛ չկարողացան իրականացնել, այն էլ ողբերգական դավադրություն-պարտությունից հետո:
Թե ինչու և ովքեր են այդ թեզը տարածում (նկատի չունեմ այդ թեզն առանց մտածելու կրկնողներին), այլ խոսակցության թեմա է, սակայն նրանց այդ խոսույթի հիմնական պատճառներից մեկն ընտրությունների միջոցով իշխանության գալու հնարավորություն չունենալն է:

Լավ, ենթադրենք մահապարտները իրականացնում են իշխանափոխություն, բնականաբար, իրենք էլ պետք է գան իշխանության, կամ էլ նրանց ետևում թագնված ՛՛ռեսուրս՛՛ ունեցողները: Այսինքն, Հայաստանում քաղաքական գործընթաց իրականացնելն անիմաստ է, ընդամենը մեկ անծրագիր ավանտյուրիստին մեկ այլ անծրագիր մահապարտի փոխարինելն է:

Ինչպես ֆիդայիններից կանոնանվոր ու մարտունակ բանակ հնարավոր չէ ստեղծել, այդպես էլ փողոցային մահապարտներից կայուն կառավարման համակարգ հնարավոր չէ ունենալ:

Մինչև Հայաստանում տեղի չունենա քաղաքական գործընթացի շնորհիվ օրինական իշխանափոխություն, հանրային լայն գիտակցված աջակցությամբ (հերթական, կամ արտահերթ), մենք  որևէ ապագա չենք կարող ունենալ:

Իսկ եթե պարզվի, որ իրոք, հայ ժողովուրդն անկարող է օրինական ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը, ապա խնդրում եմ վերջին արտագաղթողին Զվարթնոց օդանավակայանի լույսը չմոռանա անջատել:

Հ.Գ. Առիթից օգտվելով, պետք է խոսել նաև Միասնական Ընդդիմություն ուենալու մասին ապաքաղաքական թեզի մասին: Գիշատիչների ու կաթնասունների մեկ միասնական բլոկը չի կարող հաջողության հասնել, երբ ընտրողներն էլ են կենդանական աշխարհի տարբեր տեսակների ներկայացուցիչներ, կերակրաշղթայի տարբեր բևեռներում գտնվող:

Ցանկացած Միասնական Ընդդիմություն ենթադրում է վարագույրի ետևում մարիոնետներին խաղացնողի հաստ ու բրդոդ ձեռք»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ