04 02 2025

Կա ընկալում՝ չեզոքացնելու լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում․ Կոպիրկին

Կա ընկալում՝ չեզոքացնելու լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում․ Կոպիրկին

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խնդիրներով և տեսակետների հնարավոր տարբերությամբ հանդերձ` երկու կողմերն էլ ըմբռնում են այդ հարաբերությունների կարևորությունը: Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք  է հայտնել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ։

«Ճգնաժամը ոչ միայն խնդիր է, այլև հնարավորություն

Կոպիրկինը նշում է, որ կա ընդհանուր տրամադրվածություն՝ թույլ չտալու, որ առկա խնդրահարույց պահերն անդառնալի վնաս հասցնեն հայ-ռուսական համագործակցությանը։ Թեև երբեմն տեղեկատվական ֆոնն էլ բարդ է՝ լրացուցիչ լարվածություն առաջացնող տարբեր փորձեր են արվում, այդ թվում՝ դրսից, բայց հարաբերությունները զարգացնելու ու նոր իրողություններին հարմարվելու տրամադրվածություն ևս կա։

«Ճգնաժամը միշտ և՛ խնդիր է, և՛, միևնույն ժամանակ` հնարավորություն։ Այն, հավանաբար, մեր հարաբերությունները հասունության նոր մակարդակի բերելու առումով նոր հնարավորություններ է ստեղծում, որն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները և խնդիրները», - նշեց դիվանագետը։ Կոպիրկինն այս համոզմանը հանգել է նաև հիմնվելով այն հանդիպումների վրա, որոնք բարձր մակարդակով տեղի էին ունենում ղեկավարների և արտգործնախարարների միջև։

Թաքնված օրակարգ չկա

Իհարկե, Ռուսաստանը չի կարող մտահոգություն չհայտնել արտաքին ուժերի կողմից լրացուցիչ լարվածություն առաջացնելու փորձերի վերաբերյալ։ Եվ այդ ուժերն իրականում չեն էլ թաքցնում սեփական աշխարհաքաղաքական մղումները, այն է՝ երկկողմ կապերի, համագործակցության խզումը։ Կոպիրկինը ընդգծեց, որ ամերիկյան նախկին վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս խոսել են այդ մասին։ Դիվանագետի կարծիքով` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հավակնել, որ երկկողմ հարաբերությունները լինեն ինչ-որ ստերիլ մթնոլորտում, որի վրա արտաքին միջավայրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Բայց կա ընկալում՝ չեզոքացնելու այն նպատակադրված լարվածությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ որ ուժեր փորձում են ներմուծել դրսից:

Հարաբերությունների ամրության կարևոր գործոններից մեկը դեսպանը համարում է վստահությունը։ Ռուսաստանի և Հայաստանի հասարակությունները պետք է զգան, որ կողմերը ծածուկ օրակարգ չունեն։

Ակնկալում ենք ՀՀ մասնակցությունը Հայրենականում հաղթանակի տոնակատարությանը. Կոպիրկին

ԵՄ անդամակցության օրենքի մասին

Խոսելով ՀՀ ԱԺ–ում քննարկվող՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի մասին՝ դեսպանը կրկնեց ՌԴ փոխվարչապետի և ԱԳ նախարարի՝ նախորդիվ արած հայտարարությունները. դա Հայաստանի, հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքն է՝ կատարել իր ընտրությունը, և Ռուսաստանը դրան վերաբերվում է հարգանքով։

Բայց կան նաև օբյեկտիվ իրողություններ։ Չի կարող երկիրը միաժամանակ լինել երկու մաքսային միություններում։ Առավել ևս հիմա, երբ Արևմուտքն ու մասնավորապես ԵՄ-ն չեն էլ թաքցնում իրենց ոչ բարեկամական վերաբերմունքը Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ։ Դեսպանը հիշեցրեց Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարների՝ վերջերս Հայաստան կատարած այցի մասին:

Նրանց հայտարարություններում Եվրոպայի հետ մերձեցմանը զուգահեռ հստակ ուրվագծվում էին Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը։ Կոպիրկինը կարծում է, որ երբ հարցն այսպես է դրվում, չափազանց դժվար է ինչ-որ բան որոշելը։ Ժամանակին Եվրամիության կատեգորիկ մերժումը` առկա խնդիրները քննարկելու Ռուսաստան-Եվրոպա-ԵՄ ձևաչափով, հանգեցրեց ներկայիս ճգնաժամին։
Ռուսաստանը, հաշվի առնելով Ուկրաինայի հետ սերտ տնտեսական կապերը, այն ժամանակ առաջարկում էր քննարկել Ասոցացման համաձայնագրի հետ կապված իրավիճակը։ Բրյուսելը կտրականապես հրաժարվեց եռակողմ քննարկումից, ինչից հետո տեղի ունեցավ Մայդանը և Կիևում իշխանության ապօրինի զավթումը։

Պատժամիջոցները Ռուսաստանի մեթոդը չեն…

Ի տարբերություն Արևմուտքի՝ Ռուսաստանը միշտ փորձել և փորձում է փոխընդունելի հանգուցալուծումներ գտնել այն հարցերում, որոնք կենսական նշանակություն ունեն անվտանգության տեսակետից։ Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը չի հիշում, որ արևմտյան պետությունների նման Ռուսաստանն ինչ-որ քայլեր ձեռնարկի՝ երկրին, նրա ժողովրդին պատժելու, կապերը խզելու համար։

«Ինչպիսի ոչ բարեկամական քաղաքականություն էլ տանի այս կամ այն երկրի ղեկավարությունը, միևնույն է, ասել, թե՝ դուք այդպես եք վարվում, ուստի ստացեք` դա Ռուսաստանի մեթոդը չէ։ Եվ Ռուսաստանը երբեք կապերի խզմանը, հարաբերություններում խնդրահարույց պահեր ստեղծելուն ուղղված քայլեր չի արել», - հավելեց նա։

Մոսկվան միշտ տրամադրված է եղել փոխադարձ հարգալից երկխոսության, տնտեսական շահերի, սոցիալական կապերի պահպանմանը։ Սա յուրօրինակ ոչ գաղափարականացված մոտեցում է բոլորի, այդ թվում՝ մոտ գործընկերների հետ հարաբերություններում, և դա ռուսաստանյան քաղաքականության մեջ շարունակական է։

Դեսպանը կարծում է, որ կողմերը չեն կարող խուսափել առկա խնդիրներից։ Բայց հարաբերությունների հասունությունն ու անձեռնմխելիությունը որոշվում են խնդրին արձագանքելու, հարմարվելու, հարցերը լուծելու ունակությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ